Լեհաստանը չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի դեռ Հայաստանն ինքը չի արել դա, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
ՙԼեհաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշման կողմնակից է և հանդես է գալիս խնդրի`խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման օգտին՚,- ընդգծել է դեսպանը: Միաժամանակ նա նշել է, որ չկարգավորված հակամարտությունը բացասաբար է անդրադառնում ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ`ընդհանուր առմամբ տարածաշրջանի վրա:
Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել, և դա տեղի կունենա խաղաղ ճանապարհով: ՙԵրկու երկրները դեռ երկար դարեր պետք է ապրեն կողք կողքի, և պետք է պատրաստ լինեն կարգավորելու հակամարտությունը: Եվ դա անպայման տեղի կունենա խաղաղ ճանապարհով, և լրագրողները, որպես կապող օղակ, պետք է ժողովուրդներին նախապատրաստեն իրավիճակի նման զարգացմանը՚,- ասել է նա:
Խոսելով ԼՂՀ քաղաքացիական ինքնաթիռները խփելու Ադրբեջանի սպառնալիքների մասին`Ռաչինսկին ընդգծել է, որ պաշտոնական մակարդակով նման հայտարարությունների վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում: ՙՈրքանով ինձ հայտնի է, Ադրբեջանը պաշտոնական մակարդակով այդ մասին չի հայտարարել՚,- ասել է դիվանագետը:
Մեկնաբանելով ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելը և նրա հերոսացումը`Ռաչինսկին ընդգծել է, որ Ադրբեջանի այդ գործողությունները տեղին չէին և
միմիայն վնասել են բանակցային գործընթացին: