ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է ԶԼՄ-ների տեղեկատվությունը, թե ՀՀ վարչապետի մասնակցությամբ օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՙԴա կեղծիք է, որոշ ԶԼՄ-ներ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ՚,- հայտարարել է Բաղրամյանը:
Ինչպես հաղորդում է ՙԺողովուրդ՚ թերթը`վկայակոչելով իր աղբյուրները, այդ խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի` Սերժ Սարգսյանին զեկուցելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիպրոսում, եւ որքանով են հանցածին վարչապետի քայլերը:
Նշենք, որ Հայաստանի լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընկերություն են գրանցել կիպրոսյան օֆշորում: Սակայն, թե’ Սարգսյանը, թե’ Կճոյանը հերքում են իրենց մասնակցությունն այդ ընկերությանը`հավաստելով, որ ընկերությունը գրանցվել է առանց իրենց գիտության: Միաժամանակ Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդիսը հայտարարել է, որ անհնար է օֆշորային ընկերություն գրանցել առանց բաժնետերերի գիտության: