Հայաստանը մինչև 2014 թ. օգոստոսի վերջը ՙՌոսնեֆտ՚ ընկերության աշխատանքային խմբից սպասում է հանրապետության տարածքում սինթետիկ կաուչուկի արտադրության նոր գործարանի կառուցման նախագծի իրականացման առնչությամբ իր տեսլականին: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հարցազրույցում հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:
Նրա խոսքով, խոսքը վերաբերում է շուրջ $500 մլն ներգրավմամբ նոր գործարանի կառուցմանը, սակայն նախագծի վերջնական արժեքի մասին կարելի է խոսել վերջինիս տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումից և բիզնես-ծրագրի ձևավորումից հետո միայն: ՙՀայաստանում կաուչուկի արտադրության նոր գործարան կառուցելու ՙՌոսնեֆտ՚ ընկերության նախագիծը լիովին կենսունակ է՚,- ընդգծել է փոխնախարարը`հիշեցնելով, որ այդ հարցը գտնվել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի ուշադրության կենտրոնում Սոչիում վերջերս կայացած բանակցությունների ժամանակ:
ՙՀայաստանը խիստ շահագրգռված է վերջինիս իրականացմամբ՚,- նշել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ ՙՌոսնեֆտը՚ ցանկություն է հայտնել Հայաստանում կառուցել նոր կաուչուկի գործարան, այլ ոչ թե արդիականացնել գործող գործարանը և մարել վերջինիս պարտքերը: Դեկտեմբերի 25-ին ՙՌոսնեֆտ՚ նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի Հայաստան այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ ՙՌոսնեֆտ՚, ՙՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան՚ և ՙՌոսնեֆտ-Հայաստան՚ ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:
ՙՆաիրիտ՚ գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited –ի հիմնական միջոցները գրավադրվել էին ՙՄեժգոսբանկի՚ վարկի դիմաց և վերջինի չմարման արդյունքում դարձել են բանկի սեփականություն: 70 մլն դոլարի վարկը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով: