Հայաստանի
իշխանությունները քրեական լծակներ են կիրառում Արցախյան պատերազմի վետերան Վոլոդյա
Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի համար: Այդ մասին ԱԺ ամբիոնից
հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` դիմելով պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյանին:
Նրա ասելով, իրավիճակն ավելի պարզ պատկերացնելու համար
հարկավոր է դիտարկել իրադարձությունների ժամանակագրությունը. 2013 թվականի կեսից
Ավետիսյանը բողոքի ակցիաներ էր սկսել Ազատության հրապարակում, իսկ այնուհետև
կառավարության շենքի մոտ մի խումբ վետերանների հետ հանդիպեց վարչապետ Տիգրան
Սարգսյանի հետ, հանդիպման արդյունքը գոհացուցիչ չէր, և վետերանները շարունակեցին
իրենց ակցիաները: Դրանից հետո Ավետիսյանը հանդիպեց Սեյրան Օհանյանի հետ, ով նրան փոխանցեց
նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում կոչ էր արվում դադարեցնել ակցիաները:
Ավետիսյանը չհամաձայնեց, և հարուցվեց քրեական գործ:
Պաշտպանության նախարարն իր հերթին հավաստիացրել է, որ Ավետիսյանի
նկատմամբ ոչ մի քաղաքական հետապնդում չկա, և նա մեղադրվում է խարդախության համար:
Նախարարի վարկածի համաձայն, Ավետիսյանի հետ հանդիպմանը պայմանավորվածություն էր
ձեռք բերվել աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որի հիմնական նպատակներից մեկը
իրավիճակի ուսումնասիրումն էր և լուծումների որոնումը` վետերանների սոցիալ-տնտեսական
վիճակը բարելավելու համար:
«Պայմանավորվածությունը խախտեց, առաջին հերթին, Վոլոդյա
Ավետիսյանը: Սակայն քրեական գործը հարուցվել է բոլորովին այլ պատճառներով`
խարդախության համար: Ինձ համար վիրավորական է, երբ մեր նախկին սպաները նման
իրավախախտումներ են թույլ տալիս», - նշել է նախարարը: