ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը խորը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ և կողմերին կոչ արել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ գտնել: Այդ մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ-ն:
Նա ընդգծել է, որ իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում կրկին ապացուցել է 20 տարի շարունակ սառեցված հակամարտության առկայության անթույլատրելիությունը: ՙԲոլոր կողմերը պետք է զերծ մնան սադրանքներից`հատկապես խաղաղ բնակչության նկատմամբ, և քայլեր ձեռնարկեն հակամարտության երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման ուղղությամբ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է ձեռնամուխ լինեն դրան ընթացիկ շաբաթ Սոչիում՚,- ասվում է հայտարարության մեջ:
Այնուհետև նա ընդգծում է, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ-ն պետք է հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ գտնեն: Նա նաև Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շփումներ պահպանել թեկուզ խորհրդարանական և քաղաքացիական հասարակությունների մակարդակով: