Ադրբեջանական դիվերսիան և լարվածության աճը ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ստատուս-քվոյի պահպանման անհնարինության վերաբերյալ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունների հետևանքն է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
ՙԵԱՀԿ Մինսկի խումբն իր անզորությունը ցույց տվեց խաղաղության պահպանման հարկադրման հարցում և այդ ուղղությամբ աշխատանք սկսելու փոխարեն համանախագահները խոսում են ստատուս-քվոյի պահպանման անհնարինության մասին`ըստ որում, չանելով որևէ այլընտրանքային առաջարկ, ինչն էլ հանգեցնում է Բաքվի կողմից իրավիճակի սրման՚,- նշել է Ալավերդյանը: Միաժամանակ նա ավելացրել է, որ Բաքուն մշտապես առիթներ է ստեղծում, որպեսզի համանախագահները հանդես գան ավելի կոշտ գնահատականներով և քննադատեն հրադադարի խախտումները, սակայն վերջիններս նախընտրում են սահմանափակվել շփման գծի դիտարկումներով: ՙՄենք հաղթել ենք պատերազմում, սակայն պարտվում ենք դիվանագիտական դաշտում, ինչը չի կարելի թույլ տալ՚,- ընդգծել է նա:
Սակայն, չնայած այս ամենին, Ալավերդյանը գտնում է, որ հայկական կողմը պետք է մասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, քանի որ կողմերի միջև ցանկացած շփում դրական է: Նշենք, որ անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարվաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: ԼՂՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի նկատմամբ` պետական սահմանն ապօրինի հատելու հետ կապված: