Հայ և Թուրք գործարարները Վանում քննարկել են տնտեսական շփումներն աշխուժացնելու հեռանկարները: Ինչպես հաղորդում է Haber3 կայքը, հանդիպումը կազմակերպել էին Վանի երիտասարդ գործարարների միությունը և Հայ արդյունաբերողների և գործարարների միությունը:
Համաժողովի մասնակիցները նշել են, որ տնտեսական շփումները չափազանց կարևոր են երկու երկրների և ժողովուրդների երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին առկա արգելքների հաղթահարման գործում: Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելքոնյանն իր ելույթում, մասնավորապես, ընդգծել է, որ չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև փակ սահմանին, երկու երկրների միջև առևտրի շրջանառությունը տարեկան կազմում է շուրջ 220 մլն դոլար: Նրա ասելով, այդ ցուցանիշը կարող է մի քանի անգամ ավելանալ սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում: Թուրք երիտասարդ գործարարների միության ղեկավար Էրեն Գյոքչենայն իր հերթին հայտարարել է, որ թուրքական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատմամբ, և տնտեսական ոլորտի ներկայացուցիչները պատրաստ են պատշաճ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: