Արցախյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանը, ով պատիժ է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում,
հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է հարձակումներն ազատամարտիկներ
Սուրեն Սարգսյանի, Ռազմիկ Պետրոսյանի և Մանվել Եղիազարյանի, ինչպես նաև
«Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: Ավետիսյանն այդ միջադեպերի
համար մեղադրել է Հայաստանի իշխանություններին:
Նրա ասելով, կառավարող ռեժիմն իր կյանքը երկարացնելու համար պատրաստ է ամեն ինչի: «Այսօր նա արդեն հանձնում է Արցախը եւ մեր պետականությունը:
Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում: Մի կողմից նա փորձում է լռեցնել այն մարդկանց, ովքեր չեն հաշտվելու այս վիճակի հետ: Մյուս կողմից՝ նա ձգտում է բարոյապես թուլացնել հայկական բանակը, որպեսզի կարողանա իր սեւ գործն անել առանց լուրջ դիմադրության», - նշել է Արցախյան պատերազմի վետերանը: Նա իր բոլոր ազատամարտիկ ընկերներին եւ ամբողջ հայ ժողովրդին կոչ է անում ամեն ինչ անել` «սպիտակ եղեռն իրականացնող ռեժիմին» հեռացնելու համար: «Մի խաբվեք ընդդիմություն խաղացող գործիչներին եւ օլիգարխներին: Միացեք ճշմարիտ ազատամարտիկ եւ ազգային գործիչ Ժիրայր Սեֆիլյանին ու նրա գլխավորած շարժմանը», -
հայտարարել է Վոլոդյա Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը 6 տարի, 6 ամիս ազատազրկման է դատապարտվել կաշառակերության համար մեղադրանքով: Ինքը,
սակայն, պնդում է, որ քրեական գործը
քաղաքականացված է, քանի որ ինքը բազմիցս հանդես է եկել գործող իշխանությունների
հասցեին քննադատությամբ: