Կուտակային կենսաթոշակային համակարգի հակառակորդները պատրաստ են հասնել
մինչև Սահմանադրական դատարան:
Ինչպես նշել է ակտիվիստ
Հարություն Աղամալյանը նոյեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում, այդ օրենքում
կան կետեր, որոնք հակասում են Հայաստանի սահմանադրությանը: Մասնավորապես, համաձայն
Սահմանադրության, յուրաքանչյուր օրենք պետք է նպատակաուղղված լինի սոցիալական
իրավիճակի բարելավմանը: Սակայն կուտակային կենսաթոշակային համակարգն ուղիղ
հարվածում է նվազագույն աշխատավարձին: Բացի այդ, Սահմանադրության համաձայն,
քաաղքացին ազատ է տնօրինելու սեփական միջոցները, մինչդեռ այս կենսաթոշակային
բարեփոխումն ստիպում է վճարել տոկոսներ աշխատավարձից:
Խոսելով հասարակայնության
դժգոհության ալիքի մասին` Աղամալյանն ասել
է, թե նրանք, ովքեր փետրվարին, նոր օրենքի շնորհիվ, նվազեցված աշխատավարձ կստանան,
արդեն չեն լռի: Նրա ասելով, իրականում, աշխատավարձից կպահվի ոչ թե 5, այլ 6.6-13
տոկոս, քանի որ պահում է արվելու բրուտո-աշխատավարձից (այսպես կոչված` «կեղտոտ
աշխատավարձից»):
Աղամալյանը հաղորդել է, որ
կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը Սահմանադրական դատարանում
բողոքարկելու համար ակտիվիստները դիմել են մի շարք ընդդիմադիր պատգամավորների:
Կուտակային կենսաթոշակային
համակարգի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունվարի 1-ից:
Համակարգի կիրառման նախապատրաստական փուլը կառավարությունից շուրջ 10 տարի
պահանջեց: Նոյեմբերի 15-ին պետք է անցկացվեր խորհրդարանի արտահերթ նիստ, որի
օրակարգում այդ համակարգի քննարկումն էր, սակայն ՀՀԿ բոյկոտեց և ձախողեց նիստը:
Նոյեմբերի 21-ին
կառավարության շենքի առջև կայացավ բողոքի ակցիա ընդդեմ կուտակային կենսաթոշակային
համակարգի ներդրման :