Մալթայի հավաքականը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի միավորներ կորզի հայ ֆուտբոլիստներից: Այդպիսի վստահություն է հայտնել մալթացիների մարզիչ Պիետրո Գեդինը` հունիսի 6-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հիշեցնենք, որ Մայթայի հետ ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա հունիսի 7–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։
ՙԵթե մեզ հաջողվի Երևանում գոնե մեկ միավոր վաստակել, մենք շատ գոհ կլինենք, ապացուցելով, որ եկել ոչ որպես զբոսաշրջիկներ: Մալթայի հավաքականը պայքարում է բոլոր խաղերում և միշտ ձգտում է հաղթանակի, և ոչ ոք չի կարող մեզ մեղադրել այն բանի համար, որ մենք երեք միավոր ենք նվիրում մրցակցին: Հայկական թիմը ՙԲ՚ խմբում ուժեղագույններից մեկն է` չնայած վերջին անհաջողություններին խմբային մրցաշարում։ Թիմում կան հինգ-վեց գերազանց ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են բարձրակարգ ակումբներում։ Մենք վախենում ենք հայկական թիմի ցանկացած խաղացողից, հաշվի առնելով, որ Երևան չեն կարողացել ժամանել մեր չորս լեգեոներներ։ Ի դեպ, մեր հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել նրանց՚, – հաղորդել է Գեդինը։
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը նույն խմբում է իտալացիների, բուլղարացիների, չեխերի, դանիացիների և մալթացիների հետ։ Առայժմ առաջատար է Իտալիայի հավաքականը` տասներեք միավոր հինգ խաղում, հետո բուլղարացիներն են` տասը միավոր վեց խաղերում, չեխերը` ութ միավոր հինգ խաղերում, դանիացիները` վեց միավոր հինգ հանդիպման արդյունքում։ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է նախավերջին տեղը` հավաքելով երեք միավոր չորս խաղում։ Մալթայի հավաքականը հինգ խաղի արդյունքում զրոյական արդյունք ունի։