Եվրախորհրդարանը հարգում է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը և ներկայումս կողմերն ստեղծված իրողություններում համագործակցության նոր ձևաչափ են մշակում, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը:
Նրա խոսքով, նախօրեին անկեղծ զրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է ՄՄ-ին անդամակցելու որոշման բոլոր շարժառիթները: Ինչպես նշել է եվրախորհրդարանականը, ընդունված որոշման հիմնական նախադրյալների թվում նախագահը նշել է ազգային անվտանգության հարցերը: Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանը Հայաստանին ընկալում է որպես կարևոր գործընկեր և ուշադրությամբ հետևում հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներին` իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն հայտնելով, ընդգծել է Ցաբրնոխը:
Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում հյուրի գտնվելու երկու օրվա ընթացքում տարբեր մակարդակներով հայտարարվել է ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու երկրի շահագրգռվածության և պատրաստակամության մասին: ՙՆերկայումս Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում Երևանի և Բրյուսելի միջև՚,- նշել է նա: ՙՀայաստանն իր հայտարարություններում և գործողություններում միշտ ազնիվ է եղել: Խոսելով ԵՄ հետ համագործակցության խորացման շահագրգռվածության մասին` միշտ ընդգծել է, որ գտնվելով եվրասիական տարածաշրջանում` չի կարող չմասնակցել այդ տարածքում ինտեգրացիոն նախագծերին՚,- ամփոփել է խորհրդարանականը:
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ հանձնաժողովի բյուրոյի նիստը, որի արդյունքների համաձայն`ընդունվել է հանձնաժողովի համանախագահների համատեղ հայտարարությունը: Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվում է երկկողմ հարաբերությունները խորացնելու Հայաստանի և ԵՄ պատրաստակամությունը: ՙԿողմերը նաև հասկանում են այն դժվարությունները, որոնք ծագել են Հայաստան-ԵՄ ասոցիատիվ անդամակցության ճանապարհին և կոչ անում շարունակել երկկողմ հարաբերությունների օրակարգի հստակեցման գործընթացն Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովից հետո՚,- ասվում է հայտարարության մեջ: