Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հուլիսի 25-ին լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ եթե ինքն անձնական օգտագործման ավտոմեքենա ունենար, ապա անվճար կտեղափոխեր քաղաքացիներին:
Այդպես վարվում են բազմաթիվ հասարակական գործիչներ, դերասաններ և լրագրողներ, որոնք, ի նշան բողոքի ընդդեմ ուղեվարձերի բարձրացման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշման, մարդկանց անվճար տեղափոխում են իրենց սեփական մեքենաներով: Այդ ակցիան նույնիսկ ստացել է Free car ավանումը: ՙՀուսով եմ` դերասանները դերասանություն չեն անում, երբ մարդկանց տեղափոխում են, այլ դա անում են անկեղծորեն՚, - ասել է նախարարը:
Թովմասյանը նշել է, որ քաղաքացիների տեղափոխումը ծառայողական ավտոմեքենայով ճիշտ չէ: Նա հաղորդել է, որ ինքը հասարակական տրանսպորտից չի օգտվում և նախընտրում է քայլել: Նախարարը հավաստիացրել է, որ Երևանի քաղաքապետի համար շատ դժվար է եղել ուղեվարձերի բարձրացման վերաբերյալ որոշում կայացնել: ՙԵթե ուղեվարձերը բարձրացվել են, որպեսզի որոշակի մարդիկ բարիք դիզեն, ապա կառավարությունը դեմ է՚, - ասել է նա: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Երևանում պարաբերաբար աճում են տարբեր ծառայությունների և հաղորդակցությունների գները, իսկ տրանսպորտը վաղուց աշխատում է հին գներով: ՙ100 դրամով մենք կունենանք միկրոավտոբուսներ, որոնցում մարդիկ ստիպված են նստել մեկը մյուսի ծնկներին, լսել արաբաթուրքական ռաբիզ, երբ վարորդը սափրված չէ, մեքենան` կեղտոտ՚, - ասել է Թովմասյանը: Նախարարը կարծում է, որ տրանսպորտի ուղեվարձերը պետք է դիվերսիֆիկացվեն: Օրինակ, ուսանողների և անապահովների համար ուղեվարձը պետք է լինի ավելի ցածր` քան մյուսների համար:
Ավելացնենք, որ քաղաքապետարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձերի 100 դրամից մինչև 150 դրամ բարձրացման վերաբերյալ որոշման ընդունումից հետո երթուղային տաքսիներում ոչինչ չի փոխվել, և 150 դրամի դիմաց ուղևորներն ստիպված են հանդուրժել բոլոր այն անհարմարությունները, որոնք թվարկեց նախարարը: