Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի հայաստանյան պրեմիերայի չեղյալ
հայտարարումը «Սինեմա Սթար» կինոթատրոնի անգրագետ մարքեթինգի հետևանք է: Փետրվարի 17-ին մամուլի ասուլիսում այդ
մասին հայտարարել է հայտնի կինոգետ Զավեն Բոյաջյանը:
Հիշեցնենք, որ «Նիմֆոմանուհի» ֆիլմի պրեմիերան նախատեսվում
էր փետրվարի 13-ին, սակայն մինչ այդ կինոթատրոնի տնօրինությունը հաղորդում տարածեց
այն մասին, որ ֆիլմի ցուցադրությունը չեղյալ է հայտարարվել մի շարք քաղաքացիների և
հասարակական կազմակերպությունների դժգոհության առնչությամբ:
Բոյաջյանը միևնույն ժամանակ տարակուսանք է հայտնել այդ հիմնավորման
առնչությամբ, քանի որ մինչ օրս այդպես էլ գաղտնիք է մնում, թե հատկապես ով է բողոք
հայտնել: Նա նշել է այն փաստը, որ կինոթատրոնի մենեջերը ԶԼՄ-ների ներկայացուցիչների
հետ հարցազրույցում պրեմիերայի չեղյալ հայտարարումը հիմնավորել է այն հանգամանքով,
որ հայ հասարակությունը պատրաստ չէ նմանօրինակ ֆիլմերի: «Միանգամից հարց է
ծագում. ո՞վ է կինոթատրոնին իրավունք տվել
հանդես գալ գրաքննիչի և կինոքննադատի դերում, և ինչու՞ է «Սինեմա սթարը» կարծիք հրապարակում այն մասին,
թե հայ հասարակությունն ինչին է պատրաստ կամ պատրաստ չէ: Այդ ամենը խորհրդային
տոտալիտարիզմի մնացուկներ են, երբ մարդկանց մի մասի կարծիքը փորձում էին պարտադրել
ողջ հասարակությանը», - հայտարարել է
կինոգետը: Նրա համոզմամբ, Հայաստանում ոչ ոք չի կարող օբյեկտիվ կարծիք հրապարակել
«Նիմֆոմանուհու» բովանդակության վերաբերյալ, քանի որ այստեղ այդ ֆիլմն, ըստ
էության, ոչ ոք չի տեսել: Ինչ վերաբերում է ֆիլմում անկեղծ տեսարանների
առկայությանը, ապա այստեղ նա չի հապաղել ուշադրություն հրավիրել այն հանգամանքի
վրա, որ 60-ական թվականներից կինեմատոգրաֆը դառնում է ավելի ու ավելի ազատ, և
ավելի կամ պակաս անկեղծ տեսարաններ կան մի քանի տասնյակ ռեժիսորների գործերում,
որոնք համարվում են արթ-հաուսի վարպետներ: