Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստը կարևոր նշանակություն ունի,
քանի որ ամփոփվում են կատարված աշխատանքի արդյունքները և նախանշվում համագործակցության նոր ուղիները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը խորհրդի նիստի բացմանը:
«Այս տարիների ընթացքում մենք բավական արդյունավետ ենք աշխատել, եւ դրանում մեծ է նաև ԵՄ և ՄԱԿ մեր գործընկերների վաստակը,
և կան բոլոր նախադրյալները` շարունակելու մեր համագործակցությունը: Մեր եվրոպացի
գործընկերների առաջարկությամբ արդեն ներկայացվել է Հայաստան-ԵՄ հետագա
համագործակցության նախագիծը, որը ներառում է 160 ուղղություն», - նշել է ԱԱԽ
քարտուղարը: Նա ընդսմին ավելացրել է, որ Հայաստանը շահագրգռված է խորհրդատվական
խմբի հետագա աշխատանքով, ինչը թույլ կտա բացահայտել այդ ձևաչափով
համագործակցության նոր ուղղությունները:
Հայաստանում ԵՄ պատվիրակության
ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր հերթին նշել է, որ համագործակցությունը նոր
փուլ է թևակոխում: «Չեմ կարծում, թե մեր համագործակցությունը կարող էր լինել ավելի
արդյունավետ, քան այժմ է: Այս տարվա
հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի
պարզեցման և ռեադմիսիայի շուրջ համաձայնագրերը, ինչը բավականին լուրջ քայլ է», -
նշել է դեսպանը, ընդսմին հավելելով, որ փաստաթղթերի նոր փաթեթը ներառում է մի շարք
ոլորտներ և ենթադրում համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպես`
արդարադատությունը, պայքարն ընդդեմ կոռուպցիայի, մարդու իրավունքները և
քաղաքացիական հասարակության ամրապնդումը:
Եվրոպացի դիվանագետը նաև տեղեկացրել
է, որ հայկական կողմը դիմել է ծրագրի
վերջին փուլի ավարտի ժամկետը երկարաձգելու խնդրանքով, ինչին ԵՄ մտադիր է դրական
պատասխանել, քանի որ դա թույլ կտա լիովին ավարտել աշխատանքը: «Ցանկանում եմ նաև
ցրել այն կարծիքները, թե Եվրամիությունը կփակի իր նախագծերը Հայաստանում: Մեր
բոլոր ծրագրերն ունեն իրենց իրագործման ժամկետները, սակայն ԵՄ կշարուննակի
Հայաստանի հետ համագործակցությունը, ինչպես նաև նախագծերի ֆինանսավորումը, որոնք
մենք մտադիր են իրագործել», - եզրափակել է Հրիսթեան:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը
հայտարարել է, որ Եվրամիությունը եղել և մնուն է Հայաստանի կարևորագույն գործընկերներից
մեկը, և 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված համատեղ
հռչակագիրն այն բանի վկայությունն է, որ պաշտոնական Երևանը մտադիր է այսուհետև էլ
շարունանկել բարեփոխումների իրականացումը ժողովրդավարացման ճանապարհին: Նրա
ասելով, ԱԺ վավերացրել է վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի շուրջ
համաձայնագրերը, որոնք արդեն սկսել են գործել, ավելին, Հայաստանի ԱԺ և
Եվրախորհրդարանն ակտիվորեն համագործակցում են, ակտիվ փոխգործակցությունը
շարունակվում է նաև Եվրոնեստի շրջանակում: «Մենք հուսով ենք, որ Հայաստան-ԵՄ
համագործակցությունը կշարունակվի և կլինի արդյունավետ, քանի որ այն բխում է մեր
շահերից», - ամփոփել է Շարմազանովը:
Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբի խորհուրդն ստեղծվել է 2009 թվականին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար: