
ԱՄՆ և ԵՄ կողմից Հարավային Կովկասում ազդեցության ընդլայնման համար Soft power-ի կիրառումը, Ռուսաստանի անհետևողական և չհամակարգված քաղաքականության պայմաններում, որոշ փորձագետների գնահատմամբ, արդեն առաջին ծիլերն է տալիս: Ձեր կարծիքով, արդյո՞ք այս իրավիճակը փոփոխությունների կարիք ունի, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Մոսկվան այս ուղղությամբ:
Իրականում Հարավային Կովկասի իրավիճակն օպտիմալ չէ Ռուսաստանի շահերի համար, ինչը մի շարք օբյեկտիվ պատճառներ ունի`պայմանավորված Մոսկվայի արտաքին քաղաքականության քրոնիկ թերություններով: Առաջինը`Մոսկվան չի կարողանում աշխատել հասարակությունների հետ`հաշվի առնելով քաղաքական ուժերի ողջ շրջանակը, ներառյալ ընդդիմությունը: Երկրորդ`Մոսկվան չի նկատում քաղաքացիական հասարակությանը և նպատակահարմար չի գտնում հաշվի առնել վերջինիս տրամադրությունները: Այլ կերպ ասած`սովոր լինելով ամեն գնով անհրաժեշտ արդյունքի հասնել ցանկացած մակարդակի ընտրություններում Ռուսաստանում`Մոսկվան նման պատրաստակամություն է սպասում ԱՊՀ երկրների քաղաքական ընտրախավերից և հասաևակություններից: Նման վարքագծի օրինակը Հարավային Օսիայի վերջին նախագահական ընտրություններն են: Կովկասում իր արտաքին քաղաքականությունում Մոսկվան դեռևս հենվում ոչ թե soft power-ի, այլ ՙկոշտ ուժի՚, ռազմականանների, զորավարժությունների կամ ինտեգրացիոն նախագծերի վրա, որոնք կրկին վատ են աշխատում`բնածին թերությունների պատճառով: Ըստ որում, ի տարբերություն Ռուսաստանի, Արևմուտքը վատ չէ սովորում, այդ թվում`իր սխալների վրա: Եվ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների և Սահակաշվիլիին մեծ քաղաքականությունից դուրս մղելու`ամերիկացիների իրականացրած հատուկ գործողությունը, ինչը լիովին համապատասխանում է ժողովրդավարության սկզբունքներին և վրացական սոցիումի մեծ մասի սպասումներին, հաստատում է դա:ՙԱյս պայմաններում Մոսկվան պետք է սովորի աշխատել հասարակությունների հետ, այլ ոչ թե այլ երկրների ժողովուրդներին վերաբերվի որպես հիմար երախաների, որոնց կարծիքները կարելի է արհամարհել, և որոնք պարզապես չեն հասկանում իրենց շահը և մշտական խրատի կարիք ունեն:
Հայաստանի հանրապետական կուսակցությունում լուրջ մտահոգություն է նկատվում մայիսի 5-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրությունների առնչությամբ: Կարո՞ղ են արդյոք դրանք նախագահի փետրվարյան ընտրությունների արդյունքներից առանց այդ էլ վրդովված ժողովրդի դժգոհության կատալիզատոր դառնալ:
Հայաստանի հանրապետական կուսակցությունում մայիսի 5-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրությունների առնչությամբ լուրջ մտահոգություն նկատվում է: Մյուս կողմից`չեմ կարծում, թե Հայաստանի ընդդիմությունն այժմ բավականին համակարգված է և կարող է իշխանությանը հակադրել միասնական թեկնածուի կամ մանրամասն մշակված ծրագիր: Ընդդիմադիր հատվածի զգալի և առավել ուժեղ մասը`ՀՅԴ, ՀԱԿ, ՙԲարգավաճ Հայաստան՚, թուլացած է և ապակողմնորոշված`նախագահական ընտրություններին իրենց չմասնակցության և ընտրություններից հետո զբաղեցրած անորոշ դիրքորոշման պատճառով:
Այս պայմաններում ՙԺառանգությունը՚ և անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոշ չափով պատահամաբար և ավանսով ստանալով զգալի վարկանիշ, շնորհիվ իրենց անհետևողական և ոչ այնքան հաջող գործողությունների, լավագույնս չտնօրինեցին այն: Արդյունքում Հանրապետական կուսակցությանն առայժմ հաջողվում է գերազանցել իր ընդդիմախոսներին: Քաղաքական խաղերի արդյունքում, որոնցում ընդդիմադիր ուժերը ձախողեցին, հասարակության լայն շերտերի վստահությունը նրանց հանդեպ փոքր-ինչ խախտվեց: Այդ պատճառով ժողովրդական դժգոհությունը, հավանաբար, կմեծանա, սակայն, ճանաչված ընդդիմադիր առաջնորդների բացակայության պայմաններում, դժվար կլինի ելք գտնել: Գուցե, հետագայում իրավիճակը փոխվի: Իսկ հիմա Հայաստանն ինձ ավելի շատ է հիշեցնում է Ռուսաստանին`ՙԵդինայա Ռոսսիայով՚`իր բացասական իմիջով և ակնհայտ թույլ կառավարելի ընդդիմությամբ:
Կարծիք կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ժողովրդական շարժման վերելքը Հայաստանում առավելապես արտաքին ուժերի գործողությունների հետևանք է`Հայաստանում ազդեցության համար Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարի շրջանակներում: Համաձա՞յն եք դրան:
Չեմ կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանին Արևմուտքի ազդեցության գործակալ դարձնելն արդարացված է: Նա ինքնուրույն քաղաքական գործիչ է, թեև, կարծում եմ`առայժմ ոչ այնքան հմուտ: Այլ բան է, որ նախագահական ընտրություններում Հովհաննիսյանի հարաբերական, բայց անվիճելի հաջողությունը համապատասխանում էր Հայաստանի գերագույն իշխանության`այս կամ այն ճանապարհով թուլացմամբ շահագրգռված Արևմուտքի ծրագրերին: Թույլ և կառավարելի նախագահ Հայաստանում, թույլ և կառավարելի նախագահ Ադրբեջանում, որտեղ հենց այդ պատճառով ընտրությունների նախաշեմին նկատվում է տարատեսակ ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվացում, ինքնիշխանությունից զրկված Վրաստան. այսպիսին է առնվազն Հարավային Կովկասում Արևմուտքի ծրագիրը: Այս դեպքում հնարավոր կլինի, դուրս մղելով Ռուսաստանին, զբաղվել թե’ ղարաբաղյան, թե‘ իրանական հարցերի լուծմամբ:
Որոշ վերլուծական գնահատականների համաձայն, նխագահական ընտրություններին ՙԲարգավաճ Հայաստանի՚, ՀՅԴ-ի և Հայ ազգային կոնգրեսի չմասնակցության վերաբերյալ որոշումը կայացվել է Մոսկվայում: Ինչից հետո այդ դատարկ տեղն զբաղեցվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ով երբեք չի թաքցրել, որ Հայաստանին տեսնում է ՆԱՏՕ-ի անդամ, ինտեգրված Եվրամիությանը: Եթե համաձայն եք դրան, ապա այդ դեպքում ի՞նչը կարող էր լինել Կրեմլի շարժառիթը:
Նման գնահատականը կարող է համապատասխանել իրականությանը: Սերժ Սարգսյանը նախագահի դերում միանգամայն ձեռնտու է ինչպես Արևմուտքին, այնպես էլ Մոսկվային, քանի որ` բարիք ունես, նոր բարիք մի փնտրիր: Այլ բան է, որ Մոսկվան, ի տարբերություն Արևմուտքի, չէր ցանկանա Սարգսյանի թուլացումը`հաշվի առնելով, որ իշխանության ղեկին Սարգսյանի մնալը, Մոսկվայի կարծիքով, նշանակում է ստատուս-քվոյի պահպանում:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի արևմտյան հայացքներին, կարծում եմ, դա ոչ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է: Հայաստանի`Ադրբեջանի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցում, Լեռնային Ղարաբաղից Հայաստանի հրաժարում, Թուրքիայի հետ անվերապահ հաշտեցում. չեմ կարծում, թե նման սցենարը ձեռնտու կլինի բոլոր նրանց, ովքեր քվեարկել են նրա օգտին նախագահական ընտրությունների ժամանակ: Իսկ քաղաքականությունն, այնուամենայնիվ, հնարավորի արվեստ է: Ես նույնպես կարող եմ, օրինակ, օպտիմալ համարել Ռուսաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին, սակայն դա հիմա ավելի հավանական չէ, քան այլմոլորակայինների հայտնվելը Կարմիր հրապարակում: Այդ պատճառով, կարծում եմ, Հայաստանի կողմից անվտանգության հարցում դեպի ՀԱՊԿ և Ռուսաստան կողմնորոշման պահպանումը, մինչև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրավիճակի փոփոխումը, առայժմ անփոփոխ է:
Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Երևանին առաջարկվող Մաքսային միության և ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի հակադրման խնդիրն ավելի մեծ արդիականություն է ձեռք բերել: Ի՞նչ հնարավոր սցենարներ են նկատվում այս ուղղությամբ:
Մաքսային միությունը և, առավել ևս, Եվրասիական միությունը ոչ այլ ինչ են, քան վտանգավոր ֆանտոմներ, որոնց առաջխաղացման համար հսկայական միջոցներ են պահանջվում Ռուսաստանից`միաժամանակ չունենալով թե’ ՙճանապարհային քրատեզ՚, թե’ իրատեսական նպատակաուղղվածություն: Ըստ որում, այդ նախագծերը դիմադրության են արժանանում Արևմուտքի կողմից: Մինչդեռ այդ նախագծերից յուրաքանչյուրի հաջող իրականացման համար, եթե նման նպատակ իրապես դրված լիներ, անհրաժեշտ է կենտրոնանալ միավորման կորիզում ինտեգրման ակնհայտ հաջողության ձեռքբերման վրա: Ենթադրենք`Ռուսաստան-Ղազախստան-Բելառուս եռանկյունում: Եվ հետո միայն փորձել այնտեղ ներգրավել այլ մասնակիցների՝ նույն Հայաստանին, Ղրղըզստանին և,առավել ևս, Թուրքիային: Իսկ այն դեպքում, երբ չձևավորված ՙկորիզը՚ փորձում է ինտեգրել Ղրղըզստանի ՙչկայացած՚տնտեսությունը կամ Թուրքիայի ակնհայտ հզոր տնտեսությունը, ինտեգրացիոն միավորումը, այդպես էլ իրական չդառնալով, վերածվում է հերթական ֆանտոմի:Իսկ տարածաշրջանի համար արտաքին կազմավորումները`ի դեմս ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի, չհրաժարվելով Հարավային Կովկասին այս կամ այն պայմաններով իրենց պատասխանատվության ոլորտում ներառելու հեռանկարից, չեն շտապում դա անել`ստիպված լինելով հաշվի նստել մի շարք օբյեկտիվ պատճառների հետ: Հարավային Կովկասի տարածաշրջանին ամենից շատ ՙմոտեցել է՚ ՆԱՏՕ-ն, որի կազմում Վրաստանի ներառումը 2008 թ. հաջողվել է կանխել 08.08.08 պատերազմի շնորհից: Չփորձելով մեղավորներ փնտրել`կարելի է փաստել է, որ Վրաստանին, չկարգավորված հակամարտություններով հանդերձ, իր կազմում ընդգրկելու ՆԱՏՕ-ի ցանկությունն է դարձել այդ պատերազմի սկսման հիմնական, եթե ոչ միակ պատճառը`Վրաստանին դրդելով հակամարտությունների ուժային կարգավորման փորձի և այլ ելք չթողնելով Ռուսաստանին, ռազմական միջամտությունից բացի: Այս պայմաններում Եվրամիության վարքագծի մոդելը, առավել ևս`ճգնաժամային երևույթներով զսպվող, ավելի պատասպանատու է թվում, քան ՆԱՏՕ-ի վարքագծի մոդելը: Միաժամանակ ՙԱրևելյան գործընկերության՚, ՙԱսոսացման համաձայնագրի՚ և ՙԵՄ հետ ազատ առևտրի գոտու՚ գաղափարախոսությունը, ըստ էության, ազդեցության ոլորտի ստեղծման գաղափարախոսություն է, երբ այս ոլորտի մեջ մտնող պետությունները, զրկվելով իրենց ինքնիշխանության մի մասից, միաժամանակ շոշափելի շահաբաժիններ չեն ստանում և երկկողմ պարտավորությունների համակարգի մեջ չեն ընդգրկվում: Դա կարելի է բնորոշել որպես տարածաշրջանի նկատմամբ իրավունքի վերապահում, մինչև Եվրամիությունը կկարողանա հաղթահարել իր խնդիրները և զբաղվել Հարավային Կովկասով: Խնդիրն այն է, որ ես վստահ չեմ, որ ԵՄ-ն կկարողանա լուծել իր խնդիրները. Կիպրոսի օրինակը հաստատում է դա: Կրածում եմ, որ Հայաստանի համար իդեալական կլիներ ինտեգրացիոն երկու նախագծերից ընտրություն կատարելու հնարավորություն ստանալը, բայց առայժմ ընտրելու բան չկա, քանի որ երկու նախագծերն էլ ոչ այլ ինչ են, քան ֆանտոմներ:
Վրաստանում, առաջին հերթին`Աջարիայում, արդեն լուրջ դժգոհություն կա թուրք-ադրբեջանական տարանցումից կախվածության և Վրաստանի վրա այդ երկրների ազդեցության առնչությամբ: Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, կարծես, նոր հնարավորություններ բացեց տարածաշրջանում իրավիճակի աշխարհաքաղաքական բեկման առնչությամբ, հյուսիսից` Ռուսաստանից դեպի հարավ` Իրան, Հայաստանի տարածքով, նոր առանցք ձևավորելու միջոցով, ինչը Վրաստանին թույլ կտա նաև ազատվել այդ կախվածությունից: Ձեր կարծիքվո, ինչու՞ Վրաստանը շահագրգռվածություն չի ցուցաբերում նման մասշտաբային նախագծի հարցում:
Վախենում եմ, որ Վրաստանի համար արդեն բավականին ուշ է փորձել ինչ-որ բանի մասնակցել: Գոյություն ունի Վրաստանի ճակատագրական կախվածությունը Բաքվից և, թեկուզ պակաս չափով` Անկարայից: Վրաստանը դարձել է ոչ թե տարանցիկ երկիր, որը կառավարում է տրանզիտային հոսքերը, այլ` իր ավելի հարուստ հարևանների պատանդ-երկիրը, որոնք Վրաստանը դիտարկում են բացառապես միջանցիկ բակի դերում: Բավական է հիշել, թե ինչպիս ավարտվեցին Բիձինա Իվանիշվիլիի` Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծում շտկումներ կատարելու անհաջող փորձերը կամ այն, թե ինչպիսի կոպտությամբ Ադրբեջանի կողմից ընդհանտվեցին Վրաստանի նոր ղեկավարության փորձերը, որն ուզում էր բարձրացնել աբխազական երկաթուղու վերականգնման հարցը: Այս ամենի արդյունքում պարզ է դառնում, որ Վրաստանը պետք է հրաժարվի Աբխազիայով ընթացող հաղորդագրությունների վերականգնումից` ելնելով ոչ թե սեփական ազգային շահերից, այլ առաջնորդվելով միայն Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ լրացուցիչ ՙօդանցք՚ չբացելու Ադրբեջանի ցանկություններով: Ցավոք, Վրաստանի ինքնիշխանությունը սահմանափակված է ոչ միայն Վաշինգտոնի ու Բրյուսելի, այլ նաև Բաքվի կողմից: Եվ իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե Ալիևի վարչակարգը վերջնականապես կորցնի իրականության զգացողությունը և միանգամայն հնարավոր արտաքին քաղաքական պարտության արդյունքում Ադրբեջանը կանգնի ընդհանուր ճգնաժամի առջև: Այդ դեպքում հանգիստ շունչ կքաշեն ոչ միայն Թբիլիսիում, այլ, ինչը տարօրինակ է, նաև Անկարայում:
Դուք նկատի ունեք Երևան-Վան հայտարարված ավիաչվերթերից Թուրքիայի հրաժարվե՞լը:
Այո: Չեմ կարծում, թե թուրքական ղեկավարությանը ձեռնտու է այն փաստը, որ թուրքական ավիաընկերության կողմից Երևան-Վան ուղղությամբ թռիչքների հարցը որոշվում է Բաքվում: Քաղաքականապես Ադրբեջանը Կենտրոնական Ասիա է: Սակայն, գտնվելով Հայաստանի հետ դիպուկահարների մշտական պատերազմի վիճակում և ՙսեղմված՚ լինելով երկու ամբիցիոզ հարևանների`Իրանի ու Ռուսաստանի միջև`Բաքուն, ի տարբերություն Կենտրոնական Ասիայի երկրների, զրկված է ուժի կենտրոնների հակասություններն օգտագործելու հարցում ինքնուրույն և հաջող գործելու հնարավորությունից: Այդ պատճառով Ադրբեջանի վիճակը Հարավային Կովկասում ներկայումս առավել խոցելի և անկայուն է թվում`չնայած վերջինիս քաղաքական ընտրախավի պատրանքային վստահությանը: Արտաքին քաղաքական խնդիրները բարդանում են ներքաղաքական վատթարացող խնդիրների առկայությամբ`սոցիալական լարվածության աճի, իսլամական արմատականության արագ տարածման: Պետք է հաշվի առնել նաև թալիշական և լեզգինական գործոնները, որոնք որոշակի պահի կարող են օգտագործվել արտաքին ուժերի կողմից իրադրության ապակայունացման համար:
Նկարագրեք հնարավոր սցենարները...
Առավել հավանական է թվում արտաքին քաղաքական ճգնաժամի սցենարը`Ադրբեջանի մասնակցությամ: Իրադարձությունների նման անվերահսկելի զարգացման առիթ կարող է հանդիսանալ Իրանի և վերջինիս միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի վատթարացումը: Մինչդեռ ակնհայտ է, որ Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հետևանքներն անկանխատեսելի և խիստ վտանգավոր կլինեն ողջ տարածաշրջանի համար:
Այս պայմաններում չեմ կարող չհիշել Ղարաբաղի մասին...
Նման հարվածի դեպքում միանգամայն հավանական է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան խնդրի ուժային լուծման փորձը: Իսկ այդ հակամարտությանը Ռուսաստանի կամ Արևմուտքի`այս կամ այն կերպ միջամտության դեպքում միանգամայն հնարավոր է ոչ միայն տարածաշրջանի իրավիճակի ընդհանուր վատթարացումը, այլ նաև Ադրբեջանում առկա ներքին խնդիրների ակտուալացումը: Այսպիսով, տարածաշրջանի առավել ՙկայացած՚ պետությունը որոշակի հանգամանքների դեպքում հեշտորեն կարող է վերածվել կավե ոտներով հսկայի: