Արտակարգ ծառայությունների 911 և 112 անվճար
հեռախոսահամարներն այսուհետև մատչելի կլինեն բջային կապի բոլոր բաժանորդների
համար` Հայաստանում արտակարգ իրավիճակների դեպքում: Մարտի 12-ի նիստում այդպիսի
որոշում է կայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է հանձնաժողովի
հեռահաղորդակցության բաժնի պետ Գևորգ Գևորգյանը, այդ որոշմամբ կարգավորողը հանրապետության
բջջային կապի բոլոր օպերատորներին պարտավորեցնում է սպասարկել այդ համարները,
անկախ այն բանից, թե որ օպերատորի բաժանորդից է զանգ ստացվում: Նա նշել է, որ
ավելի վաղ օրենսդրական կարգով այդպիսի պահանջ էր ամրագրված «ԱրմենՏելի»,
«ՎիվաՍելի» և «Օրանժի» համար: Նրա ասելով, Հայաստանի տարածքի 97 տոկոսն ապահովված
է բջջային կապով, և արտակարգ պատահարի
դեպքում այդ հեռախոսահամարները մատչելի կլինեն բջջային կապի բոլոր բաժանորդների
համար:
Նա հավելել է, որ այժմ կարգավորողը դիտարկում է այլ
հատուկ համարների պարտադիր կարգով սպասարկման համանման պահանջները բջջային կապի
օպերատորներին: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, շտապ օգնության, հրշեջ
ծառայության և Ոստիկանության հեռախոսահամարներին: