Այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն բավականին հաղթական
իրավիճակում է` ի տարբերություն Հայաստանի
իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել
է Թուրքագետ Արտակ Շաքարյանը` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի դեկտեմբերի
12-ի այցը Երևան:
«Դավութօղլուն հասավ իր նպատակին: Եկավ Երևան, շոու
սարքեց և գնաց: Այդ շոուի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Երևանում նա
մամուլի ասուլիս տվեց միայն թուրքական ԶԼՄ-ների համար: Դավութօղլուն փորձեց շոշափել
զարկերակը, պարզել միջազգային հանրության վերաբերմունքն իր գործողությունների
նկատմամբ: Եվ արդյունքն ավելի քան հաճելի էր թուրք նախարարի համար: Ողջ աշխարհը
նրան ծափահարում էր` ողջունելով նրա իբր կառուցողական մոտեցումը Հայաստանի հետ
երկխոսության հաստատման նկատմամբ», - կարծում է Շաքարյանը:
Նրա ասելով, Դավութօղլուն հասկացրեց, որ հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորման գործընթացում հարկավոր է հարցնել նաև Ադրբեջանի
կարծիքը: «Թեև բանակցություններում թուրք դիվանագետը ոչ մի անգամ չարտաբերեց
«Ղարաբաղ» բառը, նա հանդես եկավ ծավալուն ելույթով տարածաշրջանային կայունության և
անվտանգության մասին: Եվ, դժբախտաբար, այդ ֆոնին գրեթե աննկատ մնացին հարաբերություններն
առանց նախապայմանի կարգավորելու մասին նախարար Նալբանդյանի հայտարարությունները»,
- դժգոհել է Շաքարյանը: Նա նշել է, որ
երկու նախարարների հանդիպումն ընթացել է դռնփակ, և բաց է մնում այն հարցը, թե ում
հավատալ: Թուրքագետը կարծում է, որ վատ չէր լինի, եթե հասարակայնությունը տեսներ,
որ հանդիպմանը Նալբանդյանը կոշտ կերպով հնչեցնում է Հայաստանի սկզբունքային
դիրքորոշումը: «Երևանը պետք է ունենա գործընթացի սեփական սցենարը, իր ձեռքը վերցնի
նախաձեռնությունը: Իսկ առայժմ մենք, դժբախտաբար, ընդամենն արձագանքում ենք, իսկ
նա, ով արձագանքում է, ինչպես հայտնի է, մեկ քայլով հետ է մնում», - ամփոփել է
փորձագետը: