Հայկական կողմը պատրաստ է գերիների փոխանակման, հաղորդել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ հարցազրույցում։
Նրա ասելով, հայկական կողմը պատրաստ է դրան` միջազգային կառույցների հետ համապատասխան հարցերի քննարկման դեպքում: ՙԵթե միջազգային կառույցների հետ դա քննարկվի, մենք պատրաստ ենք` Կարմիր խաչի, հումանիտար նախաձեռնություններ իրականացնող կազմակերպությունների աջակցությամբ։ Հայկական կողմը իրավական բոլոր հիմքերով ցանկացած գնով պատրաստ է վերադարձնել իր քաղաքացուն։ Մեր մոտ եղած զինվորին իր կամքի համաձայն տալ, և մենք ամեն ինչ անում ենք, որ մեր զինվորին բերենք՚, - հայտարարել է Հովհաննիսյանը։
Նշենք, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը դեռ չի հանդիպել հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի հետ: Այդ հարցի շուրջ դեռ բանակցություններ են վարվում: ԿԽՄԿ ներկայացուցիչները Հայաստանում հավաստիացրել են, որ Բաքվի գրասենյակն արդեն առաջիկայում կհստակեցնի Ինջիղուլյանին այցելելու ժամկետը:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել և գերի է ընկել օգոստոսի 7-ի` լուրյս 8-ի գիշերը: