Եվրասիական միության ստեղծման գաղափարի տեղեկատվական ապահովման մակարդակն առայժմ հեռու է բավարար լինելուց, այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի լրագրող Ալան Քասաևը ՙՄիջէթնիկ փոխհարաբերությունների լուսաբանման առանձնահատկությունները հետխորհրդային տարածությունում՚ թեմայով կլոր սեղանի ժամանակ: Միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայում Ռուսաստանի և Հարավային Կովկասի լրագրողների դպրոցի շրջանակներում`կազմակերպված ՙՀյուսիս-Հարավ՚ քաղաքագիտական կենտրոնի կողմից: Միջոցառմանը մասնակցել է նաև ԱրմԻնֆո-ի թղթակիցը:
ՙՑավոք, Եվրասիական միության ստեղծման գաղափարի տեղեկատվական ապահովումն այսօր զրոյական է, ըստ որում`ինչպես դաշնային մակարդակով, այնպես էլ`Ռուսաստանի սահմաններից դուրս աշխատող ռուսական ԶԼՄ-ների մակարդակով: Կարծում եմ, որ ռուսական ինտեգրացիոն կառույցները շատ քիչ ուշադրություն են հատկացնում եվրասիական տարածքում ինտեգրացիոն քաղաքականության տեղեկատվական ապահովմանը՚,- նշել է Քասաևը:
Նրա խոսքով, Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի հասարակական կարծիքի հետ ևս ոչ ոք չի աշխատում` ինչպես հարկն է: ՙԱվելին, Ռուսաստանում Հայաստանի համեմատ ավելի քիչ մարդ է իրազեկված Մաքսային միության կամ ապագա Եվրասիական միության գործունեության մասին: Հուսով եմ, որ վաղ թե ուշ այդ խնդրին հատուկ ուշադրություն կդարձվի՚,- ասել է Քասաևը: