Երևանն առայժմ չի
գաղտնազերծում տեղեկատվությունն այն մասին, թե ինչ մակարդակով և կազմով է
մասնակցելու Վիլնյուսի <<Արևելյան գործընկերության>> գագաթնաժողովին:
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով այդ հարցին` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը
սահմանափակվել է արարողակարգային արտահայտություններով. <<Ամեն ինչի մասին
կիրազեկենք հարկ եղած ժմկետում` պատշաճ կարգով>>: Այդուհանդերձ, նա ընդգծել
է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարները Վիլնյուսի գագաթնաժողովից հետո
<<լավն են ու դրական>>:
Նա վերստին հայտարարել է Եվրամիության հետ ամենատարբեր
ուղղություններով համագործակցության զարգացումը շարունակելու Հայաստանի
մտադրության մասին, ընդգծելով, որ Երևանի այդ ձգտումը համընկնում է ԵՄ
դիրքորոշմանը, որը հրապարակել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության
քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Հիեցնենք, որ Վիլնյուսի գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի
վերջին: Սպասվում էր, որ գագաթնաժողովում
նախաստորագրվելու է Հայաստանի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագիր, սակայն Մաքսային
միությանն անդամակցելու մտադրության մասին Երևանի հայտարարությունից հետո
Եվրամիությունը հայտարարեց ասոցացման գործընթացը շարունակելու անհնարինության
մասին: