Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի վարչության մամուլի ծառայությունը տարածել է մի հաղորդագրություն, որում իր ափսոսանքն է հայտնել ՙԺանագություն՚ կուսակցության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Նշենք, որ սեպտեմբերի 25-ի երեկոյան Մեղրիից Երևան վերադառնալու ճանապարհին ռուս սահմանապահները կանգնեցրել էին ՙԺառանգություն՚ կուսակցության երկու մեքենաները և արգելել քարոզչության մեկնած թիմին ազատ տեղաշարժվել: Նրանք խուզարկել են պատգամավորին ուղեկցող մեքենան, կոտրել են տեսախցիկը: Սահմանապահները գործողության սկզբում որեւէ պատճառաբանություն չեն ներկայացրել, սակայն հետո, երբ պատգամավորը պնդել է, ասել են, թե հետախուզվող անձի են որոնում: Պատգամավորը Մեղրի էր մեկնել Սյունիքի 38 ընտրատարածքի` իրենց թեկնածուի քարոզարշավին մասնակցելու համար:
Ռուսական կողմը նշում է, որ Փոստանջյնն ու նրան ուղեկցող անձինք իրենց պահել են հանդուգն, փորձելով սահմանապահներին դրդել հակաօրինական գործողությունների և դեմոնստրացիոն կերպով նկարահանել են սահմանապհներին: Ընդ որում մամուլի ծառայությունում հերքել են այն պնդումները, որ սահմանապահներն իբր կոտրել են տեսախցիկը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ անձանց խումբն իր գործողություններով միտումնավոր կերպով խորընդոտել է սահմանապահների կողմից պետական սահմանը պահպանելու պարտականությունների կատարմանը, դրանով իսկ խոչընդոտների սպառնալիք ստեղծելով վտանգավոր հանցագործների փնտրման և ձերբակալման համար: Հայաստանում ՌԴ Սահմանապահ զորքերի վարչությունն ափսոսանք է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, միաժամանակ նշելով բոլորի կողմից սահմանապահ և սահմանի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանների պահպանումն իրականացնում է ՌԴ ՖՍԲ-ի Սահմանապահ զորքերի վարչությունը: