Կարինե Մելիքյան: Այս պահի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»
ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն կենսաթոշակային
համակարգի հաշվի
օպերատորներ են հանդիսանում «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ,«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայփոստ»
ՓԲԸ,«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կենսաթոշակային
ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրությունը կարելի է կատարել այսօրվանից հաշվի
օպերատորների միջոցով: Բացի այդ, ընտրություն կարելի է կատարել նաև մուտք գործելով
www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը:
Նոյեմբերին ԿԲ կողմից գրանցված
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ Արմենիա» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ
Մենեջմենթ Արմենիա» ընկերությունները, որոնց տրամադրվել են ներդրումային ֆոնդի
կառավարման գործունեության լիցենզիա, ունեն նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի
կառավարման թույլտվություն: Նրանցից յուրաքանչյուրն առաջարկում է ներդրման երեք
ռազմավարություն. առաջին` կայուն եկամտային (FIX) պարտադիր կենսաթոշակային ֆոնդ,
պահպանողական (CON) պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, հավասարակշռված (BAL) պարտադիր
կենսաթոշակային ֆոնդ: Հաճախորդն ինքնը կորոշի, թե նշված ռազմավարություններից որով
կընթանա միջոցների տեղաբաշխումը:
ԿԲ նախազգուշացնում է, որ հաշվի օպերատորները և
նրանց աշխատակիցներն իրավունք չունեն գովազդել կամ որևէ կերպ ուղղորդել մասնակցին
ընտրելու կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:
Իսկ եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում, սակայն
ընտրում է ֆոնդի կառավարիչ, ապա նրա համար Հայաստանի պարտադիր կենսաթոշակային
տեղեկատվական համակարգը (AMPIS) ընտրում է իր նախընտրած կառավարչի պահպանողական
ֆոնդը: Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում և դժվարանում
է ընտրել ֆոնդի կառավարիչ, ապա նրա փոխարեն Հայաստանի պարտադիր կենսաթոշակային
տեղեկատվական համակարգը (AMPIS) պատահականության սկզբունքով ընտրում է որևէ
կառավարչի պահպանողական ֆոնդը: Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ
մանրամասն տեղեկությունների համար կարելի է այցելել www.abcfinance.am կամ www.epension.am կայքեր կամ զանգահարել 114 թեժ գծի
հեռախոսահամարին, իսկ «Իմ հաշիվը» ինտերնետային էջի և հաշվի օպերատորների
վերաբերյալ տեղեկությունների համար՝ 010 543321 (131) հեռախոսահամարին:
Հիշեցնենք,
որ 2011 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է կուտակային կենսաթոշակային
ապահովման կամավոր համակարգ, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից նոր համակարգը կգործի
պարտադիր` 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար: Հայաստանում
կամավոր կենսաթոշակային (և ներդրումային) հիմնադրամի առաջին գրանցված կառավարիչը
«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն է (ՀՀ ԿԲ 2012թ. հոկտեմբերի 18-ի լիցենզիա): 2013թ.
Նոյեմբերին ԿԲ գրանցել է եվրոպական երկու խոշոր ընկերությունների` «Ամունդի-ԱԿԲԱ
Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՓԲԸ (նոյեմբերի 19) և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ
Արմենիա» ՍՊԸ (նոյեմբերի 29)` նրանց տրամադրելով կենսաթոշակային ֆոնդերի
կառավարիչի լիցենզիաներ: