Առանց կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու
սահմանադրական բարեփոխումները կորցնում են իրենց իմաստը: Այս մասին ՀՀ խորհրդարանի
ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը:
«ՀՅԴ հանդես է գալիս խորհրդարանական համակարգին անցնելուն
կողմ: Ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ կիսանախագահական համակարգը մեծ վտանգ
է ներկայացնում ժողովրդավարության համար:
Խորհրդարանական համակարգն իշխանության ներսում ստեղծում է ստուգումների և
հակակշիռների համակարգ, կառավարությունը հաշվետու դարձնելով խորհրդարանին»,-գտնում
է Վարդանյանը: Նա վստահ է, որ միայն խորհրդարանական համակարգն է ի վիճակի խանգարել
գործող իշխանության բազմակողմանի վերարտադրությանը:
Նշենք, որ ՀՀ նախագահին կից սահմանադրական
բարեփոխումների հանձնաժողովն ապրիլի սկզբին հրապարակեց սահմանադրական
բարեփոխումների նախագծի նախնական տարբերակը, որի հիմնական ինտրիգը, ինչպես ավելի
վաղ շրջանառվում էր, հանդիսանում է Հայզստանի անցումը խորհրդարանական կառավարման
համակարգին: Փաստաթղթում, մասնավորապես, նախատեսվում է խորհրդարանի վերահոկողական
ֆունկցիաների ընդլայնում, օրենսդրին տալով նախագահին 7 տարով ընտրելու
իրավասություն: Փաստաթղթի հեղինակները նման «բարեփոխումները» բացատրում են
իշխանության կենտրոնացումը գերուժեղ նախագահի ձեռքում բացառելու ձգտումներով, որը,
խորհրդարանում ունենալով մեծամասնություն, ըստ էության, ողջ իշխանությունը կարող է
կենտրոնացնել իր ձեռքերում: Հայեցակարգը կներկայացվի հուլիսի 1-ին:
Այս կապակցությամբ Վարդանյանը հասարակական և քաղաքական
ուժերին կոչ է արել մինչև այս տարվա հուլիսի 1-ն ակտիվորեն մասնակցել
սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումներին: Եվ եթե դրանից
հետո պարզվի, որ բարեփոխումները չեն ենթադրում անցում խորհրդարանական կառավարման
համակարգին, ապա ՀՅԴ-ն հանդես կգա նշված հայեցակարգը մերժելուն կողմ: