Ֆրանսիայի,
Ադրբեջանի և Հայաստանի նախագահների փարիզյան հանդիպման նախօրեին կալանավորված
իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների դուստրը` Դինարան, բաց նամակ է հղել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որում կոչ է արել աջակցել իր ծնողների ազատ
արձակմանը:
Ըստ
«Թուրանի», նամակում Դինարան հիշեցրել է, որ այս տարվա մայիսին Բաքվում Օլանդը
հանդիպել էր իր մոր հետ, ով Ֆրանսիայի պատվո լեգիոնի շքանշանակիր է, և ճանաչել նրա
ծառայությունները մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: «Դժբախտաբար,
Ձեր ճանաչումը ոչինչ չէր նշանակում Ադրբեջանի իշխանությունների համար, և այս ամառ
մայրս կալանավորվեց` անհեթեթ մեղադրանքով, նրանք ուղարկեցին Բաքվի թիվ 1 քննչական
մեկուսարան», - գրում է Դինարա Յունուսը: «Լեյլա Յունուսն անմարդկային
վերաբերմունքի է արժանացել քննչական մեկուսարանում: Առավել տագնապ է հարուցում այն
հանգամանքը, որ բանտի աշխատակիցը դաժաբար հարձակվել է մորս վրա: Նա բռունցքով
հարվածել է մորս գլխին, քաշել նրա մազերից, սարսափելի ցավ պատճառելով նրան և
ենթարկելով կուրացման վտանգի: Մայրս աչքի երկու լուրջ վիրահատություն է տարել, նրա
երկու աչքերում իմպլանտներ են: Արդյո՞ք Ֆրանսիան կարող է աչք փակել նման
անարդարության վրա», - հարց է տվել Դինարան:
Նա
նախագահ Օլանդին խնդրում է Իլհամ Ալիևից պահանջել անհապաղ և անվերապահորեն ազատ
արձակել իր ծնողնեին, ինչպես նշված է Եվրախորհրդարանի վերջերս ընդունած բանաձևում:
«Իմ ծնողները Ձեր բարձր աջակցության կարիքն ունեն, քանի որ վաղը կարող է ուշ
լինել», - ամփոփել է Դինարար Յունուսը: