Ամերիկյան ՙCountourGlobal՚ ընկերության կողմից Հայաստանում ՀԷԿ-երի Որոտանի կասկադի գնման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Այն հարցին, թե արդյոք գործարքի ձգձգումը կապված է Ռուսաստանի կողմից ճնշման հետ`Հեֆֆերնը հայտարարել է, որ բանակցությունները վարում են Հայաստանի կառավարությունը և մասնավոր ընկերությունը: ՙՀուսով ենք, որ այդ գործարքը կկայանա և կգոհացնի երկու կողմերին՚,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՀ կառավարության, ՙՈրոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր՚ փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան ՙՔոնթուր գլոբալ հիդրոկասկադ՚ և ՙՍի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի՚ ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Առաջիկա 6 տարիներին ամերիկյան ընկերությունը ստանձնել է պարտավորությունª ներդնելու շուրջ 70 մլն դոլար Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում:
Որոտանի հիդրոկայանների համալիրի բաժնետոմսերի 100% փաթեթի սեփականատերն էր պետությունը: Համալիրի կազմում են Որոտան գետի վրա գտնվող երեք` Տաթևի, Շմբիի և Սպանդարյանի կայանները: Երեք կայաններն ընդհանուր հաշվով արտադրում են 404.2 ՄՎտ էլեկտրաէներգիա, 1.16 մլրդ.կՎտ ժամ տարեկան միջին նախագծային հզորությամբ: Նշենք, որ ՙԿասկադն՚ արդիականացման կարիք ունի, իսկ նշված ներդրումները խոշորագույնն են Հայաստանի տնտեսությունում ամերիկյան մասնավոր ընկերության կողմից, ինչպես նաև ԱՄՆ առաջին կապիտալ ներդրումը Հայաստանի տնտեսությունում:
Նշենք, որ ՙՔոնթուր գլոբալ՚ ընկերությունը Նյու-Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի շուրջ 3,500 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներումª Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում£ ՙՔոնթուր գլոբալ՚ ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան: Արևելյան Եվրոպայումª Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում ընկերությունն ունի շուրջ 1,100 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ կայաններ£ Հայաստանյան Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը կդառնա Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկըª 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ£