Այսօր սկավառակներ վաճառողները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց:
Ակցիայի մասնակիցները Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակ են հանձնել նախագահի աշխատակազմին, որում խնդրում են հոլոգրամներ տրամադրել մնացած ապրանքն սպառելու համար: Խանութների տերերը պատրաստ են դրանից հետո ենթարկվել օրեննքին և առանց հոլոգրամի սկավառակներ չվաճառել:
Նամակը նախագահի նստավայրում ընդունել են և խոստացել ընթացք տալ կոլեկտիվ դիմումին: Սակայն այդ պատասխանն այնքան էլ չի գոհացրել հավաքվածներին: Գործը կարող է ձգձգվել երկար ամիսներ, իսկ այդ ժամանակաընթացքում տերերը պետք է հարկեր վճարեն փակ խանութների համար և հոգան իրենց ընտանիքների ապրուստը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերին ուժի մեջ է մտել օրենսդրական նորմ այն մասին, որ ապրիլի 18-ից Հայաստանում արգելվում է մտավոր սեփականության օբյեկտների տեղեկատվության կրիչների իրացումը, որոնց իսկությունը հաստատված չէ վերահսկիչ մակնիշներով, որոնք տնտեսավարող սուբյեկտին տրվում են Մտավոր սեփականության գործակալության` իրավատերերի հետ նրանց պայմանագրերի իրավաչափության տեղեկանքների հիման վրա: Այդ առնչությամբ ապրիլի 18-ից սկավառակների վաճառքի բոլոր խանութները փակվել են, քանի որ առանց հոլոգրամի սկավառակ վաճառողները կտուգանվեն 2,5 մլն դրամ, իսկ կրկնակի խախտման դեպքում նրանց սպասվում է 2 տարի ազատազրկում:
Ավելի վաղ սկավառակների տիրաժավորմամբ զբաղվող հայկական ցանցերի և ֆիրմաների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ ՄՍ գործակալության կամայականության դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև: