Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը և անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կամ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցն Արմավիրից, Մրգաշատ, Արևիկ, Շենավան, Հայկավան և Գետաշեն գյուղերի ավելի քան 1000 բնակիչ մտադիր է ոտքով հասնել մինչև Երևան և կառավարությունից վնասի փոխհատուցում պահանջել: Ակցիայի մասնակիցներն անտեսել են տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի`ճանապարհը բացելու պահանջը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԿԲ մամլո ծառայությունում, տվյալ պահին ԿԲ-ն բանակցություններ է վարում ավելի վաղ մարզի ֆերմերներին վարկեր տրամադրած բանկերի հետ`այդ վարկերի վերադարձման պայմանները մեղմացնելու համար, սակայն առևտրային բանկերի վերջնական որոշման վրա ազդել ԿԲ-ն չի կարող:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասը մեղմելու նպատակով կառավարությունը մայիսի 16-ին նիստի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է ՙՍերմերի գործակալություն՚ ՊՈԱԿ-ի միջոցով ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից և Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի ՙՍկիֆագրո՚ կազմակերպությունից ձեռք բերել տարբեր մշակաբույսերի սերմացու և հատկացնել Արմավիրի մարզպետարանին` կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործներին տրամադրելու նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարը զեկուցել է նաև ձեռնարկվող և ձեռնարկվելիք այլ միջոցների մասին։ Շատ փորձագետներ նշում են, որ իրավիճակն այդքան ցավալի չէր լինի, եթե ժամանակին գործի դրվեին հակակարկտային կայանները: