Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ելույթում խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նորօսմանյան քաղաքականությունը:
Իր ելույթում Օմիրուն հայտարարել է, որ արդեն քառասուն տարի է, ինչ Թուրքիան օկուպացված է պահում Կիպրոսի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները: ՙԿիպրական կողմը հավատարիմ է հասնելու խնդրի արդար լուծմանը՝ եվրոպական իրավունքի, 1977 եւ 1979 թվականների բարձր ատյաններում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի համաձայն: Սակայն մեր բոլոր ջանքերը բախվում են թուրքական անհանդուրժողականությանը եւ ամբարտավանությանը: Թուրքիան առաջադրում է պայմաններ, որոնք, անկասկած, տանում են այնպիսի լուծման, որի հիմքում ընկած է ՙերկու պետության՚ սկզբունքը:
Թուրքիան, հավատարիմ լինելով նորօսմանյան գործելաոճին, փորձում է յուրացնել Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում առկա հարուստ բնական պաշարները եւ որդեգրել է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում ինքնիշխան իրավունքների ոտնահարման քաղաքականությունը: Իրավունքների, որոնք հիմնված են ավանդական իրավունքի վրա եւ երաշխավորված են 1982 թվականի Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայով: Սակայն Թուրքիայի դրսեւորումները հարիր չեն միջազգային իրավունքը հարգող եւ Եվրամիության անդամ դառնալ ցանկացող պետությանը: Այս պահին թուրքական հետազոտող ՙԲարբարոս՚ նավը, ռազմական եւ օժանդակող նավերի ուղեկցությամբ, անօրինական կերպով գտնվում է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում եւ որի նպատակն է, ինչպես ներկայացնում է Թուրքիան, սեյսմիկ տվյալների հավաքագրումը: Միեւնույն ժամանակ աշխատանքներ են իրականացվում կազմակերպությունների կողմից, որոնց Կիպրոսի Հանրապետությունը թույլատրել է ուսումնասիրել բնական գազի պաշարների առկայությունը: Թուրքիան չի տատանվում եւ հայտարարում է, որ մոտակա ժամանակ նաեւ արդյունահանման հարթակ է տեղադրելու Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում:
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի քայլերը միջազգայնորեն դատապարտվում են, եւ որպես վառ ապացույց՝ վերջերս՝ նոյեմբերի 13-ին, Եվրոպական խորհրդարանը հստակ բանաձեւ ընդունեց, Թուրքիայի կողմից իրականացվող խախտումները թեժանում են, եւ ապակայունացվում է ամբողջ տարածաշրջանը: Միեւնույն ժամանակ Թուրքիայի պետական եւ ռազմական գործիչներն անկաշկանդ եւ ուղղակիորեն սպառնում են ռազմական ուժ կիրառել, եթե Կիպրոսի Հանրապետությունը շարունակի կիրառել իր ինքնիշխան իրավունքները:
Նման պայմաններում Կիպրոսի Հանրապետությունը ստիպված էր կասեցնելու Կիպրոսի հիմնախնդրի շուրջ բանակցություններում իր մասնակցությունը եւ հայտարարելու Թուրքիայի դեմ քաղաքական եւ իրավական քայլերի ձեռնարկման մասին: Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ վախի եւ բացահայտ սպառնալիքի մթնոլորտում անտրամաբանական է շարունակել բանակցությունները:
Թուրքիայի այս դրսեւորումները Ձեզ հայտնի են: Համագործակցության արձանագրությունների ստորագրման կասեցումը, հայտնի պատճառներով, որոնք վերջին պահին ներկայացրել է Անկարան, նույն քաղաքականության արտահայտությունն են:
Չնայած Անկարայի առաջացրած բարդություններին՝ Կիպրոսը եւ Հայաստանը պետք է ակտիվացնեն երկկողմ հարաբերությունները, միավորեն միջազգային կազմակերպություններում իրենց ուժերը եւ օգտագործեն կիպրական եւ հայկական սփյուռքի լծակները որոշումներ կայացնող ատյաններում՝ ընդհանուր ճակատ ձեւավորելով ընդդեմ Թուրքիայի քաղաքականության: Ներկայացուցիչների պալատի անդամների եւ իմ անունից այդ ուղղությամբ գործելու լիակատար պատրաստակամություն եմ հայտնում՚,- նշել է Յանակիս Օմիրուն: