Ոչ իշխանական եռյակը`Հայ ազգային կոնգրես, ՙԲարգավաճ Հայաստան՚ և ՙժառանգություն՚, հերթական համատեղ հանրահավաքն է սկսել Հրազդանում:
Ելույթ ունենալով հավաքվածների առջև` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, անդրադարձել է իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին: Նրա խոսքով, բարեփոխումների օգտին իշխանությունների փաստարկները չեն դիմանում քննադատությանը: ՙՀարցրեք ձեր համաքաղաքացիներին`մի՞թե Սահմանադրությունում թերությունների համար նրանք լքում են երկիրը, ի՞նչ կապ կա Սահմանադրության և փոքր ու միջին բիզնեսը խեղդամահ անելու մեջ, մի՞թե ներկայիս Սահմանադրությունը խանգարում է գոնե մեկ անգամ ազատ և արդար ընտրություններ անցկացնել: Պետք չէ դեմագոգիայով զբաղվել: Մեր խնդիրը ներկայիս իշխանությունն է, որը բարեփոխումների միջոցով միայն մեկ խնդիր է լուծում`վերարտադրվելու խնդիրը՚,- գտնում է Զոհրաբյանը:
Նա գիտակից քաղաքացիներին կոչ է արել հոկտեմբերի 10-ին գալ Ազատության հրապարակ ու արմատական փոփոխությունների սկիզբ դնել: ՙԴա բոլորիս խնդիրն է: Հարկավոր է վերջ դնել ամենաթողությանը և մարզպետների կամայականությանը՚,- ասել է Զոհրաբյանը:
Զոհրաբյանից հետո ելույթ է ունեցել ՙԺառանգության՚ ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Նրան փորձել են խանգարել առաջին շարքում կանգնած և Մարտիրոսյանին ընդհատող կանայք, ինչն ընդդիմադիր գործիչը որպես սադրանք է գնահատել: ՙԱբովյանում երեկ կայացած հզոր հանրահավաքն ստիպում է իշխանություններին էժան սադրանքների դիմել՚,- ասել է նա:
ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, կրկին անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, նշել է, որ Սերժ Սարգսյանը երկու խնդիր է լուծում`իշխանություն և փող. այլ ցանկություն, նպատակ նա և նրա ռեժիմը չունեն: ՙԱյդ պատճառով նրանք հնարել են սահմանադրական բարեփոխումները: Այդ գործընթացը ոչ այլ ինչ է, քան նրան ցմահ իշխանություն ապահովելու փորձ: ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՙԺառանգությունը՚ ձեր հետ միասին թույլ չեն տա դա: Մեր համախմբումը, մեր միասնությունը կհաղթի այս իշխանությանը, Սարգսյանը կպարտվի: Նա այլ տարբերակ չի ունենա, քան քաղաքական ասպարեզից հեռանալը՚,-ասել է Մուսինյանը:
Նա ավելացրել է, որ հոկտեմբերի 10-ին բոլորս մեր հարազատների, ընկերների, հարևանների հետ պետք է հավաքվենք Ազատության հրապարակում։ ՙՄենք կկարողանանք գործընթաց սկսել, որը կավարտվի Սերժ Սարգսյանի և հանցավոր ռեժիմի հեռացմամբ: Այլ ճանապարհ չկա: Մենք ուժեղ ենք, իսկ իշխանությունը վախենում է ուժից՚,- ամփոփել է Մուսինյանը: