Եթե Արևմուտքը փակի Ուկրաինայով ռուսական գազի
մատակարարումը դեպի Եվրոպա, ապա Ռուսաստանը կձեռնարկի համարժեք գործողություններ,
կշրջափակի հաղորդակցությունը Կովկասում: Հունիի 13-ին մամուլի ասուլիսում այդպիսի
կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի առաջին նախագահի ազգային
անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
Նրա ասելով, դրա համար լավ
առիթ կծառայի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Ռուսաստանը խաղարար
առաքելության պատրվակով զորք կմտցնի և կշրջափակի հաղորդակցությունը Կովկասի
տարածաշրջանում, իսկ Նախիջևանի մարզն ամենահարմար վայրն է այդ գործողությունների
իրականացման համար», - կարծում է փորձագետը: Ընդ որում նա հավելել է, որ դա Ռուսաստանի և Արևմուտքի միջև
ծավալված դիմակայության երկու ենթադրյալ տարբերակներից մեկն է միայն: Երկրորդը,
նրա ասելով, Ռուսաստանին «հիմարացնելու» փորձն է: «Առաջին անգամ դա տեղի ունեցավ,
երբ Սիրիայի հակամարտությունում Թուրքիան երկար ժամանակ ձևացնում էր, թե
պաշտպանում է ռուսական կողմի և Սիրիայի ժողովրդի դիրքորոշումը, և վերջում միայն
ցուցադրեց իր իրական մտադրությունները: Իսկ այժմ Ադրբեջանը փորձում է անել նույնը,
երբ ամենաբարձր մակարդակով քննադատում է եվրոպական պաշտոնյաների և կառույցների
հետևություններն ու կարծիքները, այդպիսով ձևացնելով, թե իբր Երոպայի և Արևմուտքի
հետ վատ հարաբերություններ ունի», - նշել է Մանուչարյանը: Նրա ասելով, Նախիջևանում
հակամարտության հրահրումը կհանգեցնի քաոսի Հայաստանում և, ընդհանուր առմամբ, ողջ
տարածաշրջանում:
Մանուչարյանը
նաև կարծում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անհապաղ
պետք է հրաժարական տա, քանի որ ժողովրդի վստահությունը չի վայելում, ավելին, նրա
ստեղծած վարչակազմը միայն վնասում է հայ ժողովրդին: «Ղարաբաղ» կոմիտեի անդամի
ասելով, միևնույն ժամանակ հրաժարական պետք է տա Հայաստանի կառավարությունը, քանի
որ այն եղանակը, որով նա ղեկավարվում է, երկիրը տանում է կործանման: «Մեր երկրում կան հարյուրավոր արժանի և
իրավասու մարդիկ, ովքեր ի զորու են երկիրը դուրս բերել այն քաոսից, որում գտնվում
է», - եզրափակել է նա: