«ՎՏԲ-Հայաստան Բանկի» աջակցությամբ Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը հաշմանդամություն ունեցող երեխաների համար մեկնարկեց ճամբարային սեզոնը: Այս տարի «Ամառային ներառական ճամբար 2014»-ում իրենց հանգիստը կանցկացնեն ավելի քան 200 երեխա: Բանկի ջանքերով հանգստյան տանը իրականացվել է խոհանոցի և ճաշարանի վերանորոգում, ձեռք են բերվել խոհանոցային պարագաներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին
բանկի մամուլի ծառայությունից, անցյալ տարի բանկն իրականացրել է Ստեփանավանի հանգստյան տան վերանորոգումը` ճամբարի համար ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածք, վերազինել տնակները և տարածքը` սայլակներով երեխաների տեղաշարժը ճամբարի տարածքում հեշտացնելու նպատակով:
ՎՏԲ-Հայաստան Բանկում այս տարի նույնպես աշխատակիցների շրջանում կազմակերպվել էր միջոցների հավաքագրում ի աջակցություն Ստեփանավանի հանգստյան տան երեխաների: 2014 թվականի օգոստոսի 10-ին բանկի աշխատակիցները ակտիվ մասնակցություն ունեցան բարեգործական միջոցառմանը և շաբաթօրյակին: Հանգստյան տանը երեխաների համար կազմակերպվել էր տոնական հանդես ծաղրածուների, աճպարարի, մուլտհերոսների մասնակցությամբ: Տոնական միջոցառման ավարտին բանկի աշխատակիցները երեխաներին նվիրեցին գրքեր, զարգացնող խաղեր, խաղալիքներ: Հանգստյան տանը հանգստացող երեխաները իրենց հերթին պատրաստել էին ողջույնի միջոցառում: Օրվա ավարտին երեխաները փուչիկներին ամրացրին իրենց ցանկություններով թերթիկներ և բաց թողեցին երկինք:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սեփականությունը հանդիսացող «Էլեն» հանգստյան տունը նվիրաբերել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը 2012 թվականին:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակական հիմունքներով իրականացնում է սոցիալական և բարեգործական նախագծեր և 2010 թվականից աջակցում է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը: Հաշմանդամություն ունեցող երեխաները ուշադրության կարիք ունեն, և մենք չպետք է նրանց խնդիրներից հեռու մնանք: Ուրախ եմ, որ մեր կողմից կազմակերպվող միջոցառումները ուրախություն են պատճառում երեխաներին` նրանց հնարավորություն տալով իրենց զգալու հասարակության լիարժեք անդամ», - ասել է «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանն իր հերթին նշել է, որ կազմակերպության համագործակցությունը «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հետ դարձել է ավանդույթ: «Ամեն տարի բանկի աջակցության շնորհիվ մենք կարողանում ենք էլ ավելի շատ քանակի երեխաներ ընդունել: Այս տարի հանգստյան տանը կարող են հանգստանալ ավելի քան 200 երեխա` 4 հոսքերով: Այս ամառ երեխաների առօրյան շատ հագեցած է, մասնավորապես, որովհետև «ՎՏԲ-Հայաստան Բանկի» աջակցությամբ մեզ մոտ հայտնվել է բոչչե սպորտային խաղի հրապարակ: Երեխաների, ծնողների և «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության աշխատակազմի անունից հայտնում ենք խորին շնորհակալություն բոլոր այն անձնանց և կազմակերպություններին, որոնք աջակցում են «Ամառային ներառական ճամբար» նախագծի անցկացմանը», - նշել է նա:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի անդամ է դարձել 2004 թվականի ապրիլին: Այժմ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ տնօրինում է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» բաժնետոմսերի 100 տոկոսը: Վերջինս անփոխարինելի առաջատար է մասնաճյուղային ցանցի ընդգրկմամբ, որը ներառում է 67 ստորաբաժանում, ինչպես նաև վալագույն հնգյակում է հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով: