Առայժմ հայտնի չէ, թե ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը երբ է դուրս գրվելու հիվանդանոցից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Մանուկյանի որդին`Արենը:
Նրա խոսքով, Մանուկյանի առողջական վիճակն անփոփոխ է մնում, ինչի առնչությամբ նա ևս մի քանի օր կմնա հիվանդանոցում: ՙՆա համապատասխան բուժում է ստանում՚,- նշել է քաղաքական գործչի որդին:
Նշենք, որ ՀԱԿ-ից պատգամավոր Արամ Մանուկյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան` ժամը 20:12-ին մոտ, հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից, ով հարվածներ հասցնելով նրա դեմքին` թաքնվել է դեպքի վայրից: ՀԱԿ անդամներն այդ հարձակումը կապում են Մանուկյանի քաղաքական գործունեության հետ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանի վրա հարձակումը հերթականն էր Արցախյան պատերազմի վետերաններ Սուրեն Սարգսյանի, Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի վրա վերջին հարձակումների շղթայում: ՙԱյդ հրաձակումն առնչվում է Սերժ Սարգսյանին և նրա ավազակախմբին, իրավապահները պետք է անհապաղ բացահայտեն այդ հանցագործությունը՚, - հայտարարել է Զուրաբյանը: