Հայաստանում իշխանության ներսում շարունակվում է լուրջ պայքարը, այդպիսի կարծիք է հայտնել ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը`իր դիրքորոշումը հայտնելով ՀՀ կառավարության 2014-2017թթ. ծրագրի վերաբերյալ:
Արսենյանի կարծիքով, երկրի նոր կառավարությանն այլ կերպ, քան Հայաստանի հանրապետական կուսակցության հոգեզավակ, անվանել չես կարող: Պատգամավորը հիշեցրել է, որ խորհրդարանի նիստերի դահլիճում շաբաթվա սկզբից հաճախ է տեսակետ հնչում այն մասին, որ Հայաստանը փոքր երկիր է, և բոլորը շատ լավ գիտեն, թե ով և ինչով է զբաղվում: Ավելին, բոլորը գիտեն, թե ով է վերջին ժամանակներս ՀՀ նոր կառավարության դեմ ակտիվ արշավ ծավալած այս կամ այլ լրատվամիջոցի ՙպապան՚ կամ ՙմաման՚: Սակայն, Արսենյանի կարծիքով, ամենևին ընդդիմադիր ԶԼՄ-ները չեն վերջին ժամանակներս արշավ իրականացնում նոր կառավարության դեմ: ՙԻնչպես հասկանում եմ, իշխանության ներսում լուրջ պայքար է ընթանում, քանի որ բոլորին շատ լավ հայտնի է, թե որտեղից է գալիս այդ ԶԼՄ-ների ֆինանսավորումը՚,- նշել է նա:
Արսենյանը նշել է, որ կառավարության ծրագրի դրույթներն առանձնապես իրեն հույսեր չեն ներշնչում, քանի որ Հայաստանը փակ շրջանակում է հայտնվել: ՙՏնտեսական կյանքում իրավիճակը փոխելու համար կառավարման փիլիսոփայության էական փոփոխություն է հարկավոր, եթե չանենք դա, այդպես էլ կդոփենք այդ փակ շրջանակում`կոսմետիվ վերանորոգում անելով այնտեղ՚,- ասել է Արսենյանը`ավելացնելով, որ կյանքը Հայաստանում կբարելավվի միայն այն ժամանակ, երբ երկիրն ինչ-որ բան արտադրի: