Հայաստանում
փոքր ՀԷԿ-երի զարգացումը կարող է վտանգել որոշ ձկնատեսակներ, այդ թվում`
կարմրախայտը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի
թղթակցի հետ զրույցում նշել է WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը,
փոքր ՀԷԿ-երի շահագործման հետևանքով Հայաստանի որոշ գետերում ձուկը, պարզապես,
անհետանում է: Դրանց թվում են Ծավը, Մարցը, Ախուրյանը և Եղեգիսը: Փորձագետը նշել
է, որ Հայաստանում անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը փոքր ՀԷԿ-երի
շինարարության ոլորտում:
Այսպես, բազմաթիվ ՓՀԷԿ-եր շահագործվում են առանց
ձկնուղիների, ինչը կործանարար է ձկնային ֆաունայի համար: Մանվելյանը նշել է նաև
չնչին էկոլոգիական հոսքը, ինչպես նաև այն վայրերի ոչ ճիշտ ընտրությունը, որտեղ
փոքր ՀԷԿ-եր են կառուցվում:
Առաջին հերթին վտանգված է կարմրախայտը, որը հանդիպում է
լեռնային գետակներում, գետերի վերին հոսանքներում: Եթե այդ վայրերում փոքր ՀԷԿ-եր
են կառուցում, այդ ձկնատեսակն անհետանում է: «Եթե իրավիճակը չփոխվի, ապա
կարմրախայտը կհայտնվի Կարմիր գրքում», - նշել է Մանվելյանը:
Բնապահպանական ՈԿԿ-երը բազմիցս բացասական գնահատական են
տվել Հայաստանում փոքր ՀԷԿ-երի գործունեությանը: Մասնավորապես, նշվել է, որ մեկ
գետի վրա կարող է գործել միանգամից մի քանի ՀԷԿ: Դրա արդյունքում գետերի
բազմակիլոմետրանոց հատվածներ հոսում են խողովակներով, ինչը բացասաբար է
անդրադառնում բուսական և կենդանական աշխարհի վրա:
Հանրապետության
տարբեր մարզերում փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագծերի դեմ ընթացել են բողոքի
զանգվածային ակցիաներ: Վերջերս իրենց դժգոհությունը հայտնեցին Արագածոտնի մարզի մի
քանի գյուղերի բնակիչները, որոնք մի քանի
անգամ փակեցին Երևան-Ապարան ավտոճանապարհը` ի նշան բողոքի ընդդեմ Կարբիի կիրճում
ՓՀԷԿ շնարարության: Նրանց հիմնական փաստարկն այն է, որ փոքր ՀԷԿ-ն իրենց կզրկի
ոռոգման ջրից: