Հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունները քիչ բան կփոխեն: ՙՎրացական երազանքը՚, ամենայն հավանականությամբ, կհաղթի, այնուհետև կհաջորդեն Միացյալ ազգային շարժում կուսակցությունը և Նինո Բուրջանաձեի կուսակցությունը, առցանց հարցազրույցի շրջանակներում, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Կոբա Թուրմանիձեն`կանխատեսելով Վրաստանում առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները:
ՙՎրաստանի առաջիկա ընտրություններն առանձնանում են երկու գործոններով: Առաջին` ՙՎրացական երազանքը՚ ֆինանսները և ԶԼՄ-ները տնօրինելու բավարար հնարավորություն չունի, երկրորդ` քաղաքական ծրագրերն ու գաղափարախոսութուններն ավելի մեծ նշանակություն ունեն, քան անհատականությունները: Ըստ երևույթին, մրցակցությունն ընթանում է երկրորդ տեղի համար, քանի որ առաջին տեղն, անկասկած, զբաղեցնելու է ՙՎրացական երազանքի՚ թեկնածուն: Ըստ որում, չի կարելի բացառել, որ նա կհաղթի ընտրությունների երկրորդ փուլից հետո՚,- ընդգծել է փորձագետը:
Նրա խոսքով, այդ գործոնը կարող է փոխել Վրաստանում քաղաքական ուժերի միջև հավասարակշռությունը Բիձինա Իվանիշվիլիի առաջիկա հրաժարականից հետո: Եթե վարչապետը քաղաքականությունից հեռանա այս տարի, ինչպես և խոստացել էր, ՙՎրացական երազանքին՚ դժվար կլինի միասնական կոալիցիա մնալ և պահպանել կայունությունը երկրում: Թուրմանիձեն նշել է, որ սոցհարցումների արդյունքների համաձայն, Միացյալ ազգային շարժման հաղթանակի շանսերը հավասար են զրոյի, սակայն ազգայնականները կարող են պայքարել երկրորդ տեղի համար: Միաժամանակ, նրա խոսքով, արտահերթ ընտրություններ կան Նինո Բուրջանաձեի ընտրական ծրագրում, և նա կձգիտի դրան` անկախ նախագահական ընտրություններում իր արդյունքներից: