Խորհրդարանում ներկայացված ուժերը հրաժարվել են նախագահական ընտրություններին մասնակցությունից`Հայաստանի իշխանությունների հետ անդրկուլիսյան պայմանավորվածությունների արդյունքում, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Նա տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ բոլոր ուժերը մի կողմից`հրաժարվել են պայքարից /ՀՅԴ, ՙԲարգավաճ Հայաստան՚, Հայ ազգային կոնգրես-խմբ./, այս կամ այն կերպ իրենց հրաժարվելը պատճառաբանելով ՙընտրություններ՚ կոչված ներկայացմանը մասնակցելու ցանկության բացակայությամբ, մյուս կողմից`երկար տարիներ այդ ուժերը համագործակցել են գործող իշխանության հետ: ՙԱյժմ հասկանալի չէ. նրանք միայն հիմա հասկացան այդ գործընթացների ողջ անիմաստությունը, թե՞ այստեղ ավելի խորքային պատճառներ կան՚,- նշել է Սարգսյանը`ավելացնելով, որ ինքը հակված է այդ բոյկոտը դիտարկելու որպես ինչ-որ գործարքի հետևանք:
Նրա խոսքով, այդ գործարքը հանգեցրել է այն կոլապսին, որն այժմ ապրում է Հայաստանի քաղաքական դաշտը, երբ, ըստ էության, չկա ուժ, որը կարող է հակակշիռ լինել իշխանությանը: Նման քաղաքական մոնոպոլիան, փորձագետի համաձայն, լուրջ սպառնալիք է ներկայացնում, այդ թվում`իշխանության համար: