Ադրբեջանական կողմը պետք է զերծ մնա հայ զինվոր Գևորգ Ինջիղուլյանի նկատմամբ սադիստական վերաբերմունքից, ով տարածքում չկողմնորոշվելու պատճառով հայտնվել էր հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքով, հայկական կողմի խնդիրն է` անել հնարավոր ամեն բան, որպեսզի Ինջիղուլյանն իրեն դավաճան չզգա: ՙԻնջիղուլյանի հարազատներն ու բարեկամները պետք է իմամնան, որ Հայաստանը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները նրան վերադարձնելու համար՚,- ասել է Ջամալյանը:
Նա ավելացրել է, որ եթե Ինջիղուլյանը նույն ողբերգական ճակատագիրն ունենա, ինչ երիտասարդ հովիվ Մանվել Սարիբեկյանը, ով 2010 թթ. նույնպես մոլորվել ու հայտնվել էր հակառակորդի տարածքում, Ադրբեջանը Հայաստանի կողմից համարժեք պատասխան կստանա: Հիշեցնենք, որ Սարիբեկյանը գերության մեջ ենթարկվել էր կտտանքների, ինչի հետրանքով մահացել էր: