Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի
69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոի, Ջեյմս Ուորլիքի,
ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։
Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և
հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարները և համանախագահները շարունակել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող հարցերի քննարկումները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միացյալ ջանքերի գործադրման վճռականությունը։
Քննարկվել են Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Փարիզում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Եռանախագահները տեղեկացրել են հոկտեմբերին տարածաշրջան այցելելու իրենց ցանկության մասին։