Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ստեղծել, հեռացնել դիպուկահարներին և միջադեպերի միջազգային հետաքննություն անցկացնել: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նախարարի խոսքով, Երևանը բազմիցս դիմել է միջնորդներին`հետաքննություն անցկացնելու խնդրանքով, բայց նրանք, մշտապես վկայակոչելով անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը, մերժել են այդ հարցում:
ՙԱվելին, մենք նույնիսկ ասել ենք, որ եթե այդ հետաքննությունների ընթացքում պարզվի, որ միջադեպերում մեղավոր է հայկական կողմը, մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել՚,- ասել է Օհանյանը: Նա նաև հավաստիացրել է, որ հայկական զինված ուժերը կոշտ կերպով կկասեցնեն ցանկացած ոտնձգություն:
ՙԻնչ վերաբերում է Երասխի մոտ վերջին միջադեպերին, այստեղ մեր դիրքորոշումը հետևյալն է`մենք չենք ցանկանում լարվածության լրացուցիչ օջախ: Բայց միաժամանակ պատրաստ ենք ցանկացած պահի, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքում, համարժեք միջոցներ ձեռնարկել`ընդհուպ հակահարձակումը՚,- հայտարարել է Օհանյանը: