Պաշտպանության ոլորտի գնումները պետք է իրականացվեն մրցակցության պայմաններում` ձեռք բերվող ապրանքների որակը բարձրացնելու համար: Այդ մասին հունիսի 27-ին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախկին նախարար Վիմ Վան Էէկելենը` Հայաստանի խորհրդարանում պաշտպանական ոլորտի պետական գնումների թափանցիկությանը նվիրված սեմինարի ժամանակ: Միջոցառմանը ներկա են եղել Ժնևի զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության կնետրոնի, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի, ինչպես նաև Հայաստանի ՊՆ ներկայացուցիչներ:
Նիդերլանդների պաշտպանության նախկին նախարարն ընդգծել է խորհրդարանի կարևոր դերը պետական գնումների գործընթացում` հատկացվող միջոցները նպատակահարմար ծախսելու, կոռուպցիան բացառելու առումով: ՙՊետական գնումներ իրականացնելիս կառավարությունը պետք է պահպանի հրապարակայնություն և հաշվետվություն, իհարկե, թույլատրելի նորմերի սահմաններում, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է պաշտպանական ոլորտին, որին բնորոշ են գաղտնիության որոշ տարրեր՚, - ասել է Էէկելենը:
Նրա կարծիքով, ցանկացած երկրի կառավարություն մշտապես փորձում է հնարավորինս շատ միջոցներ հատկացնել ռազմական կարիքների համար, սակայն, քանի որ բյուջեի միջոցները սահմանափակ են, անհրաժեշտ է նախանշել գերակայությունները, ինչպես նաև ապահովել մրցակցություն գնումները կազմակերպելիս: