Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ՙճանապարհային քարտեզը՚ պետք է պատրաստ լինի մինչև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու է Մոսկվայում, հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը նախօրեին Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների համաձայն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ՙՀայաստանի առնչությամբ հստակ որոշում է կայացվել, որ աշխատանքային խումբը սկսում է աշխատել, և արդեն ՙճանապարհային քարտեզն՚ ու առաջին արդյունքները պետք է ներկայացվեն Խորհրդի հաջորդ նիստին, որը տեղի է ունենալու դեկտեմբերին Մոսկվայում՚,- ասել է նա:
Շուվալովը ավելացրել է, որ Հայաստանը միաժամանակ խոստանում է մի քանի ամսում ընդունել ՄՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ ողջ նորմատիվ-իրավական բազան:
ՙԵվ Հայաստանի նախագահը դիմել է ՄՄ անդամ երկրների նախագահներին, որպեսզի որքան հնարավոր է շուտ հնարավորություն տրվի վավերացնել բոլոր համաձայնագրերը՚,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալը՝ նշելով, որ Երևանը պատրաստ է անդամակցել միության նորմատիվ-իրավական բազային ՙամբողջական ծավալով՝ առանց որևէ սահմանափակման և վերապահումների՚:
Սակայն, շարունակել է նա, որոշում է կայացվել, որ աշխատանքային խումբը գործելու է առանց արագացման որևէ հատուկ մեխանիզմի, որպեսզի այնպիսի տպավորություն չլինի, որը ինչ-որ մեկը Հայաստանին արհեստականորեն ներքաշում է ՄՄ:
Շուվալովը նաև չի բացառել, որ Հայաստանի անդամակցությունը ինտեգրացիոն միությանը տեղի կունենա երկու փուլով՝ Մաքսային միություն և Միասնական տնտեսական տարածք: