ՙՎիմպելկոմ՚ ընկերության ԱՊՀ բիզնես միավորը հայտարարել է ՙԱրմենՏել՚ ընկերության բջջային կապի գծով տնօրենի պաշտոնում Սերգեյ Զակուրաևի նշանակման մասին: Այդ մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Զակուրաևը նոր պաշտոնը կստանձնի հունվարի 14-ից: Մեկնաբանելով նոր նշանակումը՝ ՙՎիմպելկոմի՚ ԱՊՀ բիզնես միավորի ղեկավար Դմիտրի Կրոմսկին նշել է, որ Վրաստանում Beeline-ը Զակուրաևի գլխավորությամբ շարունակել է վստահ աճն ու իր դիրքերի ամրապնդումը շուկայում: ՙՀայաստանում մեր գործունեության մասշտաբն աճի ավելի լայն հնարավորություններ է բացում: ՙՆոր ռազմավարության համաձայն, ՙԱրմենՏելի՚ բջջային կապի բիզնեսն առանձնացվել է ընկերության առանձին բլոկում` այդ հատվածն ուշադրության կենտրոնում պահելու նպատակով: Ես համոզված եմ, որ Սերգեյի փորձը, որը ձեռք է բերվել Beeline-ի ներկայություն ունեցող չորս երկրների բիզնեսի տարբեր բնագավառներում, դրական կազդի Հայաստանում անլար ծառայությունների զարգացման վրա՚, - ասել է նա:
Զակուրաևի ասելով, չնայած բջջային կապի ծառայությունների որակի և մատչելիության, բաժանորդների սպասարկման բարելավման և ենթակառուցվածքի զարգացման բնագավառում իրականացված աշխատանքի վիթխարի ծավալին, դեռ շատ բան կա անելու` Հայաստանում բաժանորդների սերը նվաճելու և վստահությունն ամրապնդելու համար: ՙՎստահ եմ, որ բիզնեսի որոշակի հատվածների վրա կենտրոնանալու շնորհիվ մեզ կհաջողվի թարմ գաղափարներ ներմուծել սպասարկումը համաշխարհային ստանդարտների մակարդակով կառուցելու գործում՚, - նշել է նա:
Սերգեյ Զակուրաևը ծնվել է 1974 թվականին Ստավրոպոլի երկրամասում: 2003 թվի հուլիսից նա աշխատում է ՙՎիմպելկոմում՚: 2008 թվականի հոկտեմբերին նա նշանակվել է GTel-Mobile-ի առևտրային գծով տնօրեն: 2011 թվականի փետրվարից Զակուրաևն զբաղեցրել է Ուզբեկստանում Beeline տարածաշրջանային զարգացման գծով տնօրենի պաշտոնը, իսկ 2011 թվականի դեկտեմբերին գլխավորել է Beeline-ը Վրաստանում: Սերգեյ Զակուրաևն արժանացել է ՙՎիմպելԿոմի՚ ՙԱդամանդե մեղու՚ բարձրագույն կորպորատիվ պարգևին: Նա ամուսնացած է, ունի երկու որդի: