Խաղաղապահների կարիք մենք չունենք: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով Ղարաբաղում միջազգային զորակազմի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ հարցին:
ՙՂարաբաղյան հակամարտության գոտին միակ բացառությունն է աշխարհում բոլոր նման հակամարտությունների թվում: Միայն հայկական և ադրբեջանական կողմերի դիմակայության գծում չկան օտարերկրյա խաղաղապահներ: Արդյունքում ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակն արդեն 20 տարի պահպանվում է բացառապես Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հաշվեկշռի շնորհիվ: Կարծում եմ, որ մենք դա կարող ենք անել նաև այսօր՚,- ընդգծել է Օհանյանը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծություններին` նախարարը բացատրել է դա սահմանի լեռնաանտառային բարդ ռելիեֆով: Նրա խոսքով, հանրապետության 26 սահմանամերձ գյուղերից գնդակոծվում են հիմնականում հակառակորդի նկատմամբ անհարմար դիրքում գտնվող գյուղերը: ՙԻրավիճակը սահմանում գտնվում է մեր վերահսկողության ներքո: Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք բաժանելու անհրաժեշտություն, առնվազն այսօր, չկա՚,- ասել է նախարարը: