Առայժմ վաղաժամ է խոսել Հարավային Կովկասում նոր ռազմավարության անցնելու մասին` Ռուսաստանի վերաբերյալ: Եթե Վրաստանի պարագայում իրավիճակը քիչ թե շատ պարզ է, համենայն դեպս, կարճաժամկետ հեռանկարի համար, ապա Հայաստանի և Ադրբեջանի պարագայում դեռ լիակատար պարզություն չկա: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել ՙՀյուսիս-Հարավ՚ քաղաքագիտական կենտրոնի (Մոսկվա) գործադիր տնօրեն Ալեքսեյ Վլասովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցը կնշանավորի Ադրբեջանի և, ամբողջությամբ վերցրած, տարածաշրջանի նկատմամբ Մոսկվայի նոր ռազմավարության սկիզբ:
ՙԿրեմլը նյարդայնացած է Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի գծով Երևանի գործողություններից և այդ նյարդայնությունը ՙհավասարակշռում է՚ ՙառաջնային՚ այցով Բաքու: Սակայն դեպի Ադրբեջանի հետ մերձեցում լիարժեք շրջադարձի համար արմատական նախադրյալներ չկան՚, - նկատել է փորձագետը:
Վլասովի կարծիքով, անշուշտ, կարելի է հաշվեկշիռը լրջորեն տեղաշարժել դեպի Բաքվի հետ գործընկերություն էներգետիկ և ռազմատեխնիկական ոլորտներում: Սակայն այդ քայլերն առայժմ ամենևին չեն նշանակում վերջնական խզում նախկին գերակայությունների հետ: ՙՊուտինը, ինչպես ինձ թվում է, որոշել է ինքը գտնել այն հարցի պատասխանը, որը, հնարավոր է, բաց են թողել նրա խորհրդականները. Who is mister Aliev? առկա, ընդգծում եմ, արագ փոփոխվող տարածաշրջանային իրողություններում՚, - ամփոփել է Վլասովը: