Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր անձամբ ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման`նստացույց անող ակտիվիստներին զրույցի է հրավիրել:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, քաղաքապետարան շենք մտնելիս Մարգարյանն ակտիվիստներին հարցրել է, թե ինչու նրանք չեն ընդունում իր միջնորդավորված հրավերը և բանակցությունների չեն գնում: Ի պատասխան`երիտասարդները հայտարարել են, որ որևէ հրավեր չեն ստացել: ՙՈւրեմն, անձամբ հրավիրում եմ բանակցությունների`ձեզ հարմար ցանկացած ժամանակ՚,-հայտարարել է քաղաքապետը և մտել քաղաքապետարանի շենք:
Հարկ է նշել, որ ակտիվիստներից ոչ ոք չի հետևել նրան, ինչը շատ տարօրինակ է, քանի որ 11-օրյա նստացույցի ընթացքում ակտիվիստները պնդում էին, որ քաղաքապետն անձամբ պետք է լսի իրենց պահանջները, սակայն նա խուսափում է դրանից:
Ակտիվիստներն այսօր դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին`պահանջելով քննություն նշանակել ակտիվիստների նկատմամբ իրավապահ մարմինների ՙապօրինի՚ գործողությունների առնչությամբ, ովքեր Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիայի իրականացման տարբեր օրերի բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ:Նրանք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից պահանջել են նստացույցի անցկացման արժանապատիվ պայմաններ ապահովել, այսինքն`քաղաքապետարանի շենքի դիմաց վրաններ և հովանոց տեղադրելու թույլտվություն ստանալ: