Հայաստանը հերթական անգամ կմիանա Երաժշտության տոնին, որը կանցկացվի հունիսի 21-ին:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, տոնի շրջանակներում նախատեսված են մի շարք հետաքրքիր համերգներ`սկսնակ և պրոֆեսիոնալ կատարողների մասնակցությամբ: Orange ընկերության աջակցությամբ հունիսի 21-ին` 15.00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում և 19.00-ին Սիրահարների այգում կկազմակերպվեն համերգներ` The Beautified Profect, The Bande, The Manuscript խմբերի մասնակցությամբ:
Բացի այդ, սպասվում է The Windrose հայկական խմբի ելույթը, որի երգացանկում ներառված է եվրոպական ժողովրդական երաժշտությունը, այդ թվում`կելտական և սկանդինավյան: Խումբը հայտնիություն է ձեռք բերել իռլանդական, բրետոնական, շոտլանդական երաժշտության կատարմամբ:
ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Երաժշտության տոնի շրջանակներում համերգներ կկազմակերպվեն նաև Հաղթանակի զբոսայգում, ինչպես նաև հանրապետության մարզերում:
Հատուկ անակնկալ է պատրաստել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: Ռենոյի խոսքով, դեսպանատան շենքում կկազմակերպվի ՙԶբոսանք Ֆրանսիայով՚ միջոցառումը, որի շրջանակներում կկատարվեն ֆրանսիական քաղաքները և մշակույթը ներկայացնող երգեր:
Երաժշտության տոնը նախաձեռնել է Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունը 1982 թվականին: Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանը միացել է այդ միջոցառմանը, որն արդեն միավորում է աշխարհի 460 քաղաք: