Ոստիկանության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ծառայողական
պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը հաղորդեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, ՀՀ ոստիկանության ծառայող Հ. Զ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ գործի նյութերի, նա 2013 թվականի հոկտեմբերին վերակարգով նշանակվել է ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ, ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանին ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում` որպես ուղեկցող եւ նշված կալանավորի համար պատասխանատու: Խցի մոտ լինելով միայնակ, չի հետեւել պահակախմբի ավագի հրահանգներին եւ խոսակցության է բռնվել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ, որի արդյունքում վերջինիս հաջողվել է խաբեությամբ նրան կանչել խուց: Հ. Զ.-ն, չպահպանելով անձնական անվտանգության կանոնները, շեղվել է ծառայության կատարումից, բացել է խցի դուռը, մուտք գործել ներս: Կալանավոր Սերոբ Մխիթարյանը, օգտվելով Հ. Զ.-ի անփութությունից, հրել է մի կողմ եւ խցի դուռը փակելով նրա վրա` դիմել է փախուստի: Նախաքննությունը շարունակվում է: