Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ ընտրություն չի կատարել եվրաինտեգրման և Մաքսային միությանն ինտեգրման միջև: Այդ ընտրությունը նրա փոխարեն ակնհայտորեն ուրիշ մեկն է կատարել, Երևանում ընթացող ՙԿովկաս-2013՚ ամենամյա միջազգային գիտաժողովում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՙ
Այլ կերպ ասած`Հայաստանին առաջարկ է արվել, որից վերջինիս նախագահը չէր կարող հրաժարվել: Վստահ եմ, որ մեզ հայտնի քաղաքական գործիչներից ցանկացածը ճիշտ նույն կերպ կվարվեր`երկրի անվտանգության շահերից ելնելով՚,-նշել է նա: Իսկանդարյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում նման տեղաշարժի ցուցիչները, ինչն այդքան շփոթեցրեց եվրաինտեգրման պատրաստվող քաղաքացիներին, ի հայտ էին եկել այդ որոշումից դեռ մի քանի ամիս առաջ: Նրա խոսքով, դա դրսևորվել է թեկուզ ՌԴ նախագահի Բաքու այցի տեսքով: ՙԶարմանալի չէ, որ այդ այցն ավարտվեց Ադրբեջանին 4 մլրդ դոլար արժողությամբ ռուսական սպառազինություն վաճառելու վերաբերյալ պայմանագրի ստորագրմամբ՚,- ասել է Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով, Հայաստանն ընդամենը երկու իրական հարևան ունի`Իրանը և Վրաստանը: Հետևաբար`ԵՄ-ն պետք է հասկանա անվտանգության ապահովման հարցերում Մոսկվայից Երևանի կախվածության պատճառները`հաշվի առնելով այդ փաստը Հայաստանի հետ համագործակցության օրակարգը ձևավորելիս: ՙԿարծում եմ, որ չնայած Մաքսային միությանը Հայասատանի առաջիկա անդամակցությանը`Հայաստանը կարող է համագործակցել ԵՄ հետ`բնականաբար, DCFTA և անվտանգության հարցերի շրջանակներից դուրս՚,- ամփոփել է Իսկանդարյանը:
ՙԿովկաս՚ ամենամյա միջազգային գիտաժողովը կազմակերպվում է Կովկասի ինստիտուտի կողմից` Կովկասյան ակադեմիական շվեյցարական ցանցի աջակցությամբ: Այս տարի գիտաժողովի ընթացքում հնչել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Շվեյցարիայի ներկայացուցիչների զեկույցները: Զեկույցները ներառել են 2013 թ. Հարավային Կովկասի երկրներում ամենակարևոր իրադարձությունների համառոտ վերլուծությունը: