Ազգային ժողովի փոխխոսնակ, կառավարող ՀՀԿ մամուլի
քարտուղար Էդուարդ Շարմազանովը թուրք պաշտոնյաներին կոչ է անում դադարել
հարևաններին դասեր տալն և խորհուրդներ շռայլելը:
Լրագրողների հետ զրույցում Շարմազանովը հայտարարել է, որ
Անկարան ինքն իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու կարիք ունի և
պետք է դադարի հարևանների հետ վերջնագրերի լեզվով խոսելը:
Շարմազանովը հավելել է, որ եթե թուրք պաշտոնյաները հետ
նայեն, ապա կտեսնեն, որ այդ Թուրքիան է օկուպացման մեջ պահում Կիպրոսի տարածքի 37
տոկոսը, իսկ ներկայիս վարչապետ Դավութօղլուի քաղաքականության արդյունքում Թուրքիան
հարաբերությունները փչացրել է իր բոլոր հարևանների հետ:
Հիշեցնենք,
որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կարսում իր վրացի և
ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպման ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել
էր, թե Հայաստանը կարող է միանալ տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, լուծելով
հարևանների հետ տարածքային խնդիրները, մասնավորապես, «վերադարձնելով Ադրբեջանի
օկուպացված տարածքները»: