Հանուն ինքնապահպանման Հայաստանի իշխանությունները պատրաստ են զոհաբերել Արցախը: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` հոկտեմբերի 25-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում:
ՙԻշխանության բոլոր վերջին քայլերը մեզ անշեղորեն տանում են այդ խայտառակությանը: Եվ հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանի լիակազմ նիստում ընդունված ՙԵվրոպական բարիդրացիության քաղաքականության մասին՚ բանաձևի նախագիծը դրա ուղղակի վկայությունն է: Բանաձևում առաջին անգամ ընդգծվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականության՚ շրջանակում, և ՙԱրևելյան գործընկերության ծրագրի մասնակից պետության կողմից նույն ծրագրի մասնակից մեկ այլ պետության տարածքի օկուպացում՚: Եվ նման բանաձևերի ի հայտ գալուն հանգեցրել է հենց մեր իշխանությունների անհամարժեք քաղաքականությունը՚, - ընդգծել է Մանուկյանը:
Ընդդիմադիր գործիչն այդ բանաձևը, փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հայտարարությունները և հրապարակախոս Զորի Բալայանի ՙնամակը ռուսաց թագավորին՚ համարում է տրամաբանական մեկ շղաթայի օղակներ: Նրա ասելով, դեռ մինչև ադրբեջանանպաստ բանաձևի հայտնվելը Հայաստանի իշխանությունները սկսել էին հա հասարակությունը նախապատարստել դրան, այդ թեման բացելով մունետիկների շուրթերով` ի դեմս իշխանամետ տեսանկյուն արտահայտող Նաղդալյանի և Բալայանի: Մանուկյանի կարծիքվ, նման իրադրությունը հնարավոր է դարձել Ռուսաստանի հետ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության հրապարակումից հետո: ՙԱյլ կերպ ասած` դա Եվրախորհրդարանի պատասխանն է Երևանին, հաշվի առնելով ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ Եվրամիության հետ եռամյա բանակցությունների ձախողումը՚, - ընդգծել է ընդդիմադիր գործիչը:
Նրա գնահատմամբ, Հայաստանի իշխանությունները, սկսած ՙԳույք` պարտքի դիմաց՚ ծրագրի իրագործումից, հետևողականորեն կորցնում են հանրապետության ինքնիշխանությունը: 90-ականներին, Մանուկյանի կարծիքով, Հայաստանը պահպանեց իր ինքիշխանությունը, լավ հարաբերություններ էր պահպանում մյուս երկրների հետ, և ոչ մի երկիր, ներառյալ արաբական երկրները և ԻԿԿ երկրները, հակահայկական դիրքերից հանդես չէր գալիս: ՙԱյսօր իրավիճակը միանգամայն այլ է, և չկա որևէ միջազգային կառույց, որը գտնի, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախություն ստանա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Նման պայմաններում այդ մարդիկ լիովին կարող են զոհաբերել Արցախը` միայն հանուն այն բանի, որպեսզի իշխանությունը պահեն իրենց ձեռքում՚, - ամփոփել է Մանուկյանը:
Հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանի լիակազմ նիստում ընդունվել է ՙԵվրոպական բարիդրացիության քաղաքականության մասին՚ բանաձևի նախագիծ, որի 16-րդ պարագրաֆում նշվել է, որ ՙԱրևելյան գործընկերության ծրագրի մասնակից պետության կողմից նույն ծրագրի մասնակից մեկ այլ պետության տարածքի օկուպացումը՚ ՙԱրևելյան գործընկերության՚ հիմնարար սկզբունքների և նպատակների խախտում է: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է ԼՂ հակամարտությունը 1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ ընդունված 4 բանաձևերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների հիման վրա կարգավորելու կարևորությունը, որոնք ընդունվել են 2009 թվականի հունիսի 10-ին Ակվիլի համատեղ հայտարարությունում: